Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիրը 90 տոկոսով կատարվել է

Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիրը 90 տոկոսով կատարվել 
է

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիրը 90 տոկոսով կատարվել է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

«Մինչ այս պետական ծրագրի մեկնարկն, արդեն աղետի գոտում 60 հազար ընտանիք բարելավել էր իր բնակարանային պայմանները: 2008 թվականին ծրագիրը մեկնարկեց,  որով հաշվառվեց 7 հազար ընտանիք, սակայն շահառու ճանաչվեց  5 հազար 381-ը: Այսօր ծրագիրը կատարված է 90 տոկոսով: Մինչև 2016 թվականը լուծվել է 4 հազար 737 ընտանիքի բնակարանային խնդիր: Ներդրվել է 64.4 մլրդ դրամ: 2017 թվականին բյուջեով կես միլիարդից ավելի միջոցների հաշվին նախատեսված էր ավարտին հասցնել քաղաքային բնակավայրերում շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը: Ինչը հաջողվեց, նույնիսկ տնտեսում ունեցանք և 12 հոգի էլ գյուղական բնակավայրերից հնարավորություն ստացավ: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին ևս 102 ընտանիք բարելավեց բնակարանային պայմանները»,-ասաց նա:

Պետական ծրագրով շահառու ճանաչած ընտանիքներին աջակցություն էր ցուցաբերվում երկու ուղղությամբ՝ կառուցված բնակելի տների հատկացում և ֆինանսական աջակցություն`ուղղակի ֆինանսավորման ձևով կամ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով: 2014 թվականից սկսած միակ ուղղությունը ֆինանսական աջակցության տրամադրումն է ուղղակի եղանակով կամ բնակարանի գնման վկայագրերով:

«Առաջիկա անելիքների հետ կապված՝ նշեմ, որ մոտ 540 ընտանիք սպասում է բնակարանային խնդրի լուծմանը: Դրանք հիմնականում Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերի ընտանիքներ են: Այդ ընտանիքների մեծ մասը բնակվում է Լոռու մարզում, մի որոշ մասը` Շիրակում, այնուհետև Արագածոտնի մարզում: Արդեն 2018 թվականի բյուջեով նախատեսվել է ևս կես մլրդ դրամի չափով գումար մոտ 50 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար: Ամբողջական պարտավորությունների ավարտը նախատեսված է 2020 թվականը»,-ասաց  Տանյա Արզումանյանը: Նրա խոսքով՝ դա առավելագույն ժամկետն է, աշխատանք է տարվում ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ:

Տանյա Արզումանյանն անդրադարձավ նաև բնակարան ստացած ընտանիքների նվիրատվությունների պայմանագրերի կնքման գործընթացին: Մարդիկ ստացել են բնակարաններ, սակայն դեռ սեփականության իրավունքը գրանցված չէ:

«Մոտ 600 ընտանիքի մասին է խոսքը` Գյումրիից, Սպիտակից, Մարալիկից: Սահմանվեց վերջնաժամկետ պայմանագրեր կնքելու համար, սակայն գործընթացը չավարտվեց, արդյունքում մշակվեց նախագիծ, որը կառավարության քննարկմանն է ներկայացվել: Դրանով բնակարանները նվիրաբերվում են համայնքին, որպեսզի համայնքը շարունակի այդ գործընթացը: Պայմանագրերը չկնքելու խնդիրները տարբեր են. մոտ 60 տոկոսը չի քանդել ժամանակավոր կացարանը, 30 տոկոսից ավելին ընտանիքում բացակա անդամներ ունեն և անհրաժեշտ փաստաթղթեր չեն կարողանում բերել: Մի փոքր տոկոս էլ կապված է ներընտանեկան անհամաձայնության հետ»,-հավելեց Տանյա Արզումանյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]