Հասարակական

Հայաստանից և սփյուռքից 21 երիտասարդ նպաստելու է Հայաստանի հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին

4 րոպեի ընթերցում

Հայաստանից և սփյուռքից 21 երիտասարդ նպաստելու է Հայաստանի հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ փորձագետների «Yes Armenia» ծրագիրն արդեն մեկնարկել է, 21 մասնակից մեկ տարով աշխատանքի է անցնել Հայաստանի մի շարք պետական գերատեսչություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 5-ին կայացավ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ողջունելով ընտրության բարդ գործընթացը հաղթահարած մասնակիցներին` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հույս հայտնեց, որ նրանք կարդարացնեն կառավարության և գործընկեր կառույցների ակնկալիքները: «Շատ ոգևորիչ է, որ այս ծրագրի շրջանակներում ունենք ավելի քան 20 տաղանդաշատ երիտասարդ Հայաստանից և սփյուռքից, ովքեր անցել են բարդ ընտրական գործընթացով և ընտրվել ավելի քան 300 դիմորդներից: Վստահ եմ ու լիահույս, որ կարդարացնեք մեր ակնկալիքները, քանի որ ձեզանով նոր շունչ ու ոգի է ակնկալվում մեր կառավարման համակարգում: Հուսով ենք նաև, որ դուք կստանաք այն ամենը, ինչի համար որոշել եք մասնակցել այս ծրագրին»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ «Yes Armenia» ծրագիրը Հայաստանի կառավարության և Եվրամիության համագործակցության հերթական լավ օրինակն է:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ծրագրի հաջողության դեպքում իրենք կշարունակեն աջակցել նման նախաձեռնություններին: Նրա խոսքով`«Yes Armenia» ծրագրի հետ է կապված երեք հրաշալի երևույթ. առաջինը, որ այն վերաբերում է երիտասարդներին: «Հայաստանն ունի շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր այս երկրի հարստությունն են: Նրանք կբերեն նոր էներգիա, նոր ձգտում, իսկ փոփոխություններն ուղղված կլինեն հենց նրանց ապագային»,-ասաց Սվիտալսկին:

Երկրորդն, ըստ դեսպան Սվիտալսկու, կամուրջների կառուցումն է Հայաստանի ու սփյուռքի միջև, քանի որ մասնակիցների գրեթե կեսը սփյուռքից են, ովքեր Հայաստան կբերեն իրենց փորձն ու հմտությունները: «Երրորդ կարևոր բանն էլ բարեփոխումների գործում ներգրավված լինելն է: 12 ամիսը շատ կարճ ժամանակահատված է, մի՛ վատնեք ձեր ժամանակն ու հասեք հաջողության: Եթե դուք հասնեք հաջողության, մենք կաջակցենք նման նախաձեռնությունների իրագործմանը»,- հավելեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

«Yes Armenia» ծրագրի համակարգող Համազասպ Դանիելյանը հայտնեց, որ ծրագրի նպատակը հանրային կառավարման ոլորտում երիտասարդ մասնագետների ներգրավումն է, այդ թվում` սփյուռքի հայկական ներուժի օգտագործումն ու դեպի Հայաստան նրանց վերադարձի ապահովումը: «Ծրագրի կարևոր նախապայմաններից է այն, որ այս երիտասարդներն ընտրվել են կոնկրետ նախագծեր իրականացնելու նպատակով: Այդ նախագծերից յուրաքանչյուրի համակարգողը լինելու է բարձրաստիճան որևէ պաշտոնյա, ում համակարգման ներքո իրականացվելու է ծրագիրը»,- ասաց Համազասպ Դանիելյանը: Ծրագրերն առաջադրվել են կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից` համաձայն գործադիրի առաջնահերթությունների, մասնակիցների ընտրությունն էլ կատարվել է ըստ այդ ծրագրերի կարիքների: «Դրանք ամենատարբեր ոլորտներին են առնչվում`գյուղատնտեսություն, կրթություն, քաղծառայության ոլորտ, էներգետիկա, առողջապահություն, բնապահպանություն»,-ասաց ծրագրի համակարգողը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ փորձագետների առաջին աշխատանքային օրը եղել է դեկտեմբերի 1-ին, ծանոթացել են իրենց պարտականություններին, աշխատանքային միջավայրին, գործընկերներին: Ըստ Համազասպ Դանիելյանի`այս ծրագիրը պիլոտային է, հաջողություն արձանագրելու դեպքում չի բացառվում, որ այն ունենա շարունակություն:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում