1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ հանդիսավորությամբ նշվեց մարշալի ծննդյան 120-րդ տարեդարձ

Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ հանդիսավորությամբ նշվեց մարշալի ծննդյան 
120-րդ տարեդարձ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ անվանի զորահրամանատարի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Զինված ուժերի ղեկավար կազմը, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, ազատամարտիկները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները: Պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով ԽՍՀՄ կրկնակի հերոսի հիշատակին:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննես Բաղրամյանի 120-րդ տարեդարձին նվիրված  միջոցառման կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու, ինչպես նաև աճող սերնդի ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու  գործում ներդրած ավանդի համար հերոսի համագյուղացիներին Վիգեն Սարգսյանը պարգևատրեց «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

«Մենք հաճախ ենք խոսում մեր ճակատագրի, դժվար պատմության, փորձությունների մասին, բայց իրականությունը այն է, որ 1918 թվականի մայիսից սկսած` Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից սկսած մինչև  Երկրորդ աշխարհամարտ` Հայրենական մեծ  պատերազմ մինչև  Արցախյան հերոսամարտ.  20-րդ դարը  եղել է մեր հաղթանակների և վերածննդի դար: Դա եղել է մի դարաշրջան, երբ  պատմության ամենախիստ արհավիրքին առերեսված ժողովուրդը ոչ միայն դիմակայեց, այլ վերածնվեց և վերահաստատեց գոյություն ունենալու իր իրավունքը»,- ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով` վերածննդի  համար,  այդ հաղթանակների համար  մեծ  զոհաբերություն և  մեծ գին է  վճարել է ողջ ժողովուրդը:

«Օրեր առաջ գտնվում էի  պաշտոնական այցով Մինսկում`  մի հանրապետություն, որը հայրենական մեծ պատերազմում կորցրեց իր բնակչության մեկ երրորդը` 2 միլիոն 600 հազար մարդ, որոնցից 1 միլիոն 800 հազարը  խաղաղ բնակչություն` երեխաներ, ծերեր, կանայք: Մեր ժողովրդի համար Հայրենական մեծ պատերազմը ինքներս մեզ գտնելու, մեր հերոսական անցյալը նորովի պատկերացնելու փորձություն էր և 600 հազար հայերը, որ մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմին` այն հարյուր հազարավորները, որ չվերադարձան, այն 60 հազարը, որ կռիվ էին տալիս Բելառուսի հողում, ում համար մարշալ Բաղրամյանը նաև անմիջական հրամանատար էր ամենածանր ռազմական գործողությունների ժամանակ, որոնց գագաթնակետը եղավ «Բագրատիոն» օպերացիան, և Բելառուսի ազատագրումը իրականում մեր հերոսական անցյալի  խորհրդանիշն է»,- ընդգծեց նախարարը:

Ըստ Վիգեն Սարգսյանի` մարշալ Բաղրամյանը խորհրդանիշ է նաև  համաշխարհայինի և ազգայինի համադրմամբ:

«Ինչպես արվեստի, մշակույթի, գիտության ամենակարկառուն գործիչները կարողացան ապացուցել, որ համաշխարհային մեծություն լինելու համար ոչ միայն պարտադիր չէ, այլ նաև ցանկալի չէ կորցնել ազգային արմատը նույն ձևով մարշալ Բաղրամյանը, դառնալով համաշխարհային լեգենդ մինչև կյանքի վերջ պահեց իր կապը հայրենիքի հետ: Ինձ համար կրկնակի պատիվ է և ես միանշանակ ողջունել եմ, երբ մարշալի համագյուղացիները, նրանց ժառանգները  ցանկություն են հայտնել իրենք կազմակերպել այս տոնակատարությունները: Կարծում եմ՝ դա և՛ խորհրդանշական է, և՛ շատ արժանի մեծ մարշալի հիշատակին»,- նշեց նախարարը:

 Բաղրամյանը խորհրդանիշ է նաև ռազմական կրթության կարևորության համատեքստում: Մարշալ Բաղրամյանը անցել է ռազմական կրթության բոլոր փուլերը և ամենուր սովորել է գերազանցությամբ՝ բարձր պահելով հայ կուրսանտի, հայ սպայի պատիվն ու անունը:

«Պատահական չէ, որ նրան է վստահվել երկու տարի ղեկավարել Գլխավոր շտաբի ակադեմիան, որը համարվում է ցանկացած երկրի համար բարձրագույն սպայական կազմի պատրաստման կարևորագույն օղակ»,- ընդգծեց Սարգսյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]