Մշակույթ

Ներկայացվեց Ֆրունզե Խառատյանի գիրքը  

6 րոպեի ընթերցում

Ներկայացվեց Ֆրունզե Խառատյանի գիրքը  

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընտրանի». այսպես է կոչվում ճանաչված իրավաբան և մանկավարժ, իրավագիտության թեկնածու Ֆրունզե Խառատյանի գիրքը, որի շնորհանդեսը կայացավ Երևանի «Միրզոյան գրադարանում»։

Ֆրունզե Խառատյանը, ով Հայաստանում առաջիններից մեկն է համալսարան հիմնադրել՝ «Գալիք» համալսարանը, 1995-2003 թվականներին եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր։ Դա այն ժամանակներն էին, երբ նոր էր կայանում անկախ Հայաստանը, որի պետականության հիմքերը նոր-նոր էին դրվում։ Այդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին էր վիճակվել Հայաստանի Հանրապետության առաջին օրենքների մշակումն ու ընդունումը։ Հենց այդ տարիներին էլ բացահայտվեցին պատգամավոր Ֆրունզե Խառատյանի օրինաստեղծ ունակությունները։ Նա՝ որպես երկրի գլխավոր օրենսդիր մարմնի պատգամավոր, ամենայն ակտիվությամբ և պատասխանատվությամբ է մասնակցել այդ հույժ հայանպաստ և հայրենասեր գործին՝ հեղինակելով մի շարք օրենքների նախագծեր, այդ թվում ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացիության մասին, ՀՀ ընտրական օրենսգրքի, ՀՀ ազգային ժողովի կանոնակարգի, ՀՀ ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակի մասին օրենքների նախագծերը։

Երջանիկ պատահականությամբ «Ընտրանի» գրքի շնորհանդեսը համընկավ Ֆրունզե Խառատյանի ծննդյան 90-ամյակի հետ։ Ահա թե ինչու դահլիճում մթնոլորտը չափազանց տոնական էր ու մտերմիկ։ Այստեղ էին հոբելյարի կուսակից ընկերները, «Գալիք» համալսարանի դասախոսներ ու շրջանավարտներ։

Հանդիսությունը ներածական խոսքով բացեց ճանաչված հաղորդավար Կարինե Սարգսյանը, որի խոսքն ընդմիջարկվում էր ելույթներով։ Առաջինը ելույթ ոնենալու պատիվը տրվեց Ֆրունզե Խառատյանի սանուհի, «Գալիք» համալսարանի շրջանավարտ Լամարա Քոչարյանին։ Նա համառոտակի խոսեց իր ուսուցչի մասին՝ նրան բնութագրելով որպես խորիմաց դասախոսի և հիանալի մանկավարժի, որից ստացած դասերը նրան շատ են օգնում կյանքում։

Հայաստանի կոմկուսի նախկին ղեկավար Ռուբեն Թովմասյանը ջերմ խոսքեր ասաց իր կուսակցի և ավագ ընկերոջ մասին՝ շեշտելով նրա նվիրվածությունը հայրենիքին ու իրեն վստահված գործին։

Ֆրունզե Խառատյանի դուստրը՝ Աստղիկ Խառատյանը, ով նախաձեռնել է հոր վերջին գրքի հրատարակությունը, հակիրճ ներկայացրեց հոր անցած ուղին, ապա անդրադարձավ գրքի բովանդակությանը, որտեղ զետեղված են պատգամավոր Ֆրունզե Խառատյանի հեղինակած օրենքների նախագծերը։ Անդրադառնալով ՀՀ սահմանադրության նախագծին՝ բանախոսն ասաց, որ նախագծի հեղինակը փաստել է. «Հայոց պետականության այսօրը լի է ներքին և արտաքին հակասություններով, ժողովրդի գրեթե բոլոր հատվածների համընդհանուր դժգոհությամբ, դժգոհություն իշխանությունների և ոչ պակաս՝ միմյանց նկատմամբ, հիասթափություն ստվարացող սփյուռքի և մայր հայրենիքում մնացյալ ժողովրդի միջև։ Մեր խորին համոզմամբ, այս բազմաշերտ դժգոհությունների, համընդհանուր անբավարարվածության հիմնական պատճառը ժողովրդին համախմբող համազգային գաղափարի և դրա վրա հիմնված ազգային վերածննդի ծրագրի բացակայությունն է։ Հայոց պետության առկայության պայմաններում այդպիսի գաղափարի ու ծրագրի ստեղծման, դրանց իրագործման կարևորագույն կռվաններից մեկը, անշուշտ, պետք է լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Ապա անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի նախագծին՝ բանախոսը նշեց, որ Ֆրունզե Խառատյանը մեծ կարևորություն էր տալիս Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Քաղաքացիության մասին օրենքի նախագծում հեղինակը ամենայն զգուշությամբ մեծ դերակատարություն է հատկացրել հայ ժողովրդի համախմբմանը։ Նա առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհել Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայի՝ անկախ նրա ծնվելու և կեցության վայրից։ Օրինագծի հեղինակը, յուրաքանչյուր հայ մարդուն Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչելով, նախատեսել է նաև յուրաքանչյուրի իրավունքը՝ մասնակցելու պետության ներքին և արտաքին քաղաքականության իրականացմանը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, ակադեմիայի թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը խոսելով իր ավագ եղբոր մասին, շեշտեց նրա անուրանալի դերը իր՝ որպես քաղաքացու, ապա նաև գիտնականի ձևավորվելու գործում։

Վերջում ցուցադրվեց Ֆրունզե Խառատյանի կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաֆիլմ։

… Երկու խոսք էլ՝շնորհանդեսի վայրի մասին։ Նորագույն բազմահարկ շենքերի ստվերում «ծվարած» հին Երևանի այդ կտորը բավականին համահունչ էր հին երևանցի Ֆրունզե Խառատյանին նվիրված ցերեկույթի համար։ Իսկ ինձ՝ թիֆլիսեցուս, այդ գողտրիկ անկյունը հիշեցրեց թումանյանական «Վերնատունը»։ Ինչ լավ է, որ մեր քաղաքում այդպիսի «կարոտախտային» անկյուններ դեռ պահպանվել են։

Գիրքը հրատարակչական բարձր կուլտուրայով լույս է ընծայել «Ոսկան Երևանցի» տպագրատուն- հրատարակչությունը:

Լևոն Ազրոյան «Արմենպրես»-ի թղթակից
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում