Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեդիա-փորձագետները ԱՊՀ և ԵԱՏՄ ինտեգրացիայի ամենակարևոր ռեսուրսներից մեկը համարում են ինֆորմացիան

Մեդիա-փորձագետները ԱՊՀ և ԵԱՏՄ ինտեգրացիայի ամենակարևոր ռեսուրսներից մեկը 
համարում են ինֆորմացիան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ և ԵԱՏՄ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման հիմնախնդիրների քննարկման նպատակով Երևանում մեկ հարկի տակ հավաքված մեդիա-փորձագետները միակարծիք են՝ ինտեգրացիան ինքնանպատակ չէ, այն կոնկրետ նպատակ ունի: Այդ նպատակին հասնելու համար պահանջվում է որոշակի ռեսուրս, որոնցից մեկն էլ ինֆորմացիան է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 17-ին «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» թեմայով մեդիաֆորումին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն ընդգծեց, որ քննարկմանը փորձ է արվելու ներկայացնել ինչպես ինտեգրացիայի, այնպես էլ նրա լուսաբանման հետ կապված տարբեր տարրեր:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի դիտարկմամբ` այսօր պետություններն աշխարհում հանդես չեն գալիս որպես մեկուսացած կղզիներ: Արագ փոփոխվող աշխարհում առկա են գործընթացներ, որոնք թե պետությունների, թե լրատվամիջոցների համար ձևավորում են նոր մարտահրավերներ: Այդ մարտահրավերների պատասխանները հաճախ քաղաքացիները փնտրում են լրատվամիջոցների էջերում: «Այդ իսկ պատճառով լրատվամիջոցների միջև հանդիպումներն ու նմանատիպ քննարկումները հնարավորություն են տալիս համադրել ուղղությունները, հասկանալ, թե ինչպես են մտածում գործընկերները: Ուրախ եմ մեր գործընկերներին հյուրընկալելու այստեղ, և միասին հասկանալու, թե որն է ինտեգրման հաջողության բանաձևը»,-ասաց նա:

Անանյանի խոսքով` ինտեգրացիոն գործընթացների և քաղաքական որոշումների վերաբերյալ հասարակության իրազեկումը միշտ անհրաժեշտ է: «Մենք ոչ թե պետք է չափենք հանրության տեղեկացվածության աստիճանը, այլ այն կարևոր գործընթացները, որոնք ազդում են մեր երկրի քաղաքացիների ամենօրյա կյանքի, մեր գործարար համայնքի և լրատվամիջոցների վրա: Ինտեգրացիոն գործընթացները պետք է մշտապես տեղ գտնեն թե լրատվամիջոցների, թե մեդիա փորձագետների ուշադրության կենտրոնում»,-նշեց նա:

Նոյեմբերի 17-ին մեկնարկած մեդիաֆորումը, որին մասնակցում են առաջատար մեդիա- փորձագետներ, քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից ու Ղազախստանից ի մի կբերի ինտեգրացիոն գործընթացների միտումները, հեռանկարներն ու լուսաբանման առանձնահատկությունները։ Միջոցառման կազմակերպիչներն են «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն ու ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը։

Համաժողովի ընթացքում «Արմենպրես» լրատվական գործակալության և Բելառուսի «ԲԵԼՏԱ» պետական լրատվական գործակալության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: Համաժողովի հյուրերը հանդես կգան նաև վարպետության դասերով Հայաստանի բուհերի ուսանողների համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am