Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մարտունի քաղաքը շուքով է դիմավորել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին

Մարտունի քաղաքը շուքով է դիմավորել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին
 ԳԱՎԱՌ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանում կազմակերպված հատուկ ընդունելության ընթացքում մեծարվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից, աշխարհի նորընծա չեմպիոնին Մարտունի քաղաքում անհամբերությամբ են սպասել ու հպարտորեն դիմավորել այն բանի համար, որ նա՝ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում ծնված ու հասակ առած մարզիկը, իրենց շրջանի հարազատ զավակն է: Մաքսիմ Մանուկյանին հանդիսավորությամբ դիմավորեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը, Մարտունի քաղաքի մարզասերները:

Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց Մաքսիմ Մանուկյանին՝ հայրենակիցների հրավերն ընդունելու համար, ապա նշեց, որ քաղաքի մարզական ոլորտը մշտապես գտնվելու է իր ուշադրության կենտրոնում, մարզիկների համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու խնդիրն իր համար դարձել է գերնպատակ, մանավանդ՝ Մաքսիմի համաշխարհային նվաճումից հետո: «Մաքսիմ Մանուկյանն ապացուցեց, որ մեր հող ու ջուրը կարող են աշխարհի չեմպիոններ ծնել: Այո, մեր երեխաները կոգեւորվեն իրենց հայրենակցի նվաճումներով, կձգտեն կրկնել նրա համաշխարհային նվաճումը: Մենք միայն ու միայն հպարտանում ենք մեր չեմպիոնի գործած սխրանքով»,- նշեց Մարտունու քաղաքապետը:

«Հաճելի է գտնվել հարազատ մարզում, հանդիպել հարազատ դեմքերի, ընդունել ջերմ շնորհավորանքները: Հուսով եմ, որ Մարտունու մարզադպրոցը տարբեր մարզաձեւերում կտա նոր չեմպիոններ»,- նշեց աշխարհի չեմպիոնը: Ընդունելությունից հետո մարզպետ Կարեն Բոթոյանը, քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը այցելեցին քաղաքի մարզադպրոցի ըմբշամարտի մարզասրահ եւ դիտեցին կրտսեր ըմբիշների ցուցադրական ելույթները: Հետեւելով ըմբիշների մարտերին՝ Մաքսիմը ոգեւորեց, չեմպիոն դառնալու ուղերձ հղեց կրտսեր մարզիկներին՝ հատուկ շեշտելով, որ իր պարապմունքների առաջին մարզասրահը նույնպես համեստ է եղել:

Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը հուշանվերներ հանձնեցին Մաքսիմ Մանուկյանին: Մարտունու քաղաքապետարանի կողմից Մաքսիմին հանձնվեց գեղանկար՝ իր իսկ չեմպիոնի դիմանկարը: «Մաքսիմի հաղթանակով հպարտ են ոչ միայն Արծվանիստ գյուղը, Մարտունի քաղաքն ու նախկին շրջանի գյուղերը, այլ ողջ Գեղարքունիքի մարզը: Մենք հպարտ ենք, որ մեր մարզի ներկայացուցիչը հաղթել է աշխարհի առաջնությունում՝ ձեռք բերելով ինչպես համաշխարհային, այնպես էլ համահայկական ճանաչում»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am