Գործվածքների վերականգնմանն ուղղված դասընթացները նոր հմտություններով կզինեն հայ մասնագետներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ազգային հետազոտությունների ինստիտուտի մասնագետները հայ ռեստավրատորներին և հնագետներին կծանոթացնեն գործվածքների վերականգնման նորագույն մեթոդներին ու ձևերին: Վարպետության դասընթացները կանցկացվեն «Տեքստիլի արվեստ և պահպանում. հանգուցելով անցյալն ու ներկան» թեմայով դասախոսությունների շրջանակում սեպտեմբերի 11-15-ը ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում և Մայր աթոռ Սբ էջմիածնի թանգարանում:
«Օրեր առաջ մենք նշեցինք հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և մեզ համար շատ կարևոր է, որ այդ կապակցությամբ իրականացվում են մշակույթին առնչվող միջոցառումներ: Մեր համատեղ գործունեության առաջին փուլը սկսվել է 2011 թվականին, այնուհետև 2014-ին նոր համաձայնագիր ստորագրվեց. արդյունքում համագործակցությունը շարունակվում է: Շնորհակալություն եմ հայտնում ճապոնացի մասնագետներին, որ, չնայած երբեմն առաջացած խոչընդոտներին, սիրով մասնակցում են դասընթացներին ու նոր հմտություններ փոխանցում մեզ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
Սագայի ազգային համալսարանի դոցենտ Միե Իշիին ասաց, որ դասախոսությունների ընթացքում հայ մասնագետներին կծանոթացնի գործվածքի նյութին, թելերի ստեղծման ձևերին, կտորի փաստաթղթավորմանը: «Անդրադառնալու ենք գործվածքի վերականգնման մեթոդներին, մաքրմանը, նորոգմանը, ներկելուն: Քանի որ նախկինում նմանատիպ դասընթաց Հայաստանում իրականացվել է, և կան մասնակիցներ, որոնք տիրապետում են նյութին, նրանք այս անգամ հանդես կգան որպես համակարգողներ»,-ընդգծեց մասնագետը:
Միե Իշիի խոսքով` Ճապոնիայում շատ թանկ է գնահատվում մետաքսը, որից կարում են ճապոնական կիմոնոները: Հատկապես բարձր արժեք ունեն այն կիմոնոները, որոնք նախշազարդ են, և որոնց գոտիները ոսկեթել կամ արծաթաթել են:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի վերականգնման լաբորատորիայի վարիչ Ելենա Աթոյանցը շեշտեց, որ նախկինում առիթ է ունեցել մասնակցել նման դասընթացի, որն, իր կարծիքով, շատ արդյունավետ է: «Գործվածքների վերականգնման մեթոդներն օրեցօր հարստանում են ու նորացվում: Այդ զարգացումներին հետևելն ու այդ գործիքներին տիրապետելն անհրաժեշտություն են: Այս դասախոսությունները նպաստում են այդ ամենի յուրացմանը»,-եզրափակեց նա:
Վարպետության դասերին մասնակցում են մասնագետներ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր աթոռ Սբ էջմիածնի թանգարանից, Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, «Էրեբունի» թանգարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից և Մատենադարանից:
Դասախոսություններն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում