Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արցախի ԱԺ նախագահը կանադական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Արցախի ԱԺ նախագահը կանադական պատվիրակության հետ քննարկել է 
համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 30-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ-Շաֆիին եւ Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենթին ու Ռեյչել Հարդերին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է ԱՄՆ-ում եւ Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարեւորել է Կանադայի հետ կապերը, դրանք համարելով պահանջված ԱՀ ու ՀՀ համար՝ հաշվի առնելով այդ երկրում հայկական համայնքի ներկայությունը: Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ այցի շրջանակներում պատվիրակության անդամներին կհաջողի Արցախի անկախ պետականության ու այստեղ ապրող ժողովրդի մասին լիարժեք պատկերացում կազմել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մաջիդ էլ-Շաֆին նշել է, որ Արցախը ազատության համար պայքարի օրինակ է, եւ իր կազմակերպության պատրաստակամությունն է հայտնել համագործակցության հաստատման ուղղությամբ:

Կանադայի խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը, ովքեր առաջին անգամ են տարածաշրջանում, կարեւոր են համարել Արցախի պատմությանն ու ներկա քաղաքական իրավիճակին ծանոթանալու ու տեղեկություններով իրենց գործընկերների հետ կիսվելու հնարավորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Կանադահայ համայնքի հետ փոխգործության, խորհրդարանական դիվանագիտության եւ տարածաշրջանում տիրող իրադրության վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, փոխնախագահ Դավիթ Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, Հայ դատի Կանադայի գրասենյակի գործադիր տնօրեն Սեւակ Բալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am