Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

50 հազար զբոսաշրջիկ աշխարհի տարբեր երկրներից. Դիլիջանում զբոսաշրջային ակտիվությունը բարձր մակարդակի վրա է


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմամշակութային վայրեր, հիասքանչ բնություն, հարուստ խոհանոց. Դիլիջան քաղաքում զբոսաշրջային ակտիվությունը բարձր մակարդակի վրա է: Տեղի հյուրանոցներն ու հանգստյան տները զբոսաշրջիկների պակաս չեն զգում և քաղաքն արդեն շուրջ 50 հազար այցելու է ընդունել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դիլիջանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ալբերտ Սիմոնյանը, քաղաքն ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունելու հնարավորություն ունի, այնպես որ, մինչև սեզոնի ավարտն ակնկալվում է ևս 20 հազար զբոսաշրջիկի ընդունում:

«Դիլիջանի ամբողջ հյուրանոցային ցանցը միանգամից կարող է ընդունել 5 հազար այցելուի: Դրան զուգահեռ զարգանում է հյուրատնային տնտեսությունը: Զբոսաշրջային ակտիվությանը տեղի բնակիչները շատ արագ արձագանքում են, հյուրատների թիվն ավելանում է, քոթեջային առաջարկներն են ավելացել: Այս գործընթացը զարգացման միտում ունի: Հասկանալի է նաև, որ հյուրանոցային ցանցի ընդլայնումը սոցիալական խնդիր է լուծում, բացվում են նոր աշխատատեղեր, նոր ծառայությունների անհրաժեշտություն է ի հայտ գալիս: Քաղաքում առևտուրն է ակտիվանում»,-ասաց Ալբերտ Սիմոնյանն՝ ընդգծելով, որ քաղաքն առանձնանում է նաև իր առողջարաններով:

Դիլիջանում նախընտրում են հանգստանալ, թե տեղացիները, թե օտարազգիները: Վերջին տարիներին օտարազգիների թվի ավելացում է նկատվում: Ալբերտ Սիմոնյանն այստեղ առանձնացնում է Դիլիջանի միջազգային դպրոցի առկայությունը: Այս դպրոցում աշխարհի 75 երկրից սովորողներ կան, այստեղ գալիս են նաև նրանց հարազատներն ու ծնողները:

Դիլիջանում հանգստացող օտարերկրացիների մի զգալի մասը Ռուսաստանից է: Ալբերտ Սիմոնյանի խոսքով, ռուս զբոսաշրջիկները վերջին շրջանում առաջնային տեղում են, նրանց հաջորդում են եվրոպական երկրները: Ի դեպ, Դիլիջանի քաղաքային իշխանություններն ակտիվ աշխատում են ֆրանսիական մի քանի քաղաքների իրենց գործընկերների հետ: Այդ համագործակցության շրջանակում հաճախ փոխայցեր են կազմակերպվում:

Քաղաքային իշխանությունները եղածով չեն բավարարվում, ձգտում են ձեռքբերված ցուցանիշներն ավելացնել, քայլեր են ձեռնարկվում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Դրանից բացի, աջակցում են քաղաքում տարբեր մշակութային միջոցառումների անցկացմանը, որոնցում կներգրավվեն նաև զբոսաշրջիկները: Թարմ օրինակներից է վերջերս քաղաքում անցկացված պարի փառատոնը, որի շրջանակում բազմաթիվ պարային խմբեր ելույթ ունեցան, ներկայում բաց է ճանաչված նկարիչների դիմանկարների ցուցահանդեսը: 

Ալբերտ Սիմոնյանը նշեց, որ ակտիվ աշխատում են նաև մասնավոր ընկերությունների հետ, որոնք նոր ծառայություններ, էքստրեմալ սպորտի նոր հնարավորություններ են ներկայացնում:  




Այս թեմայով

... վերջին լուր "Տուրիզմ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ