Թուրքիայի իշխանությունները նույնիսկ հեղաշրջման փորձից մեկ տարի անց հետևողականորեն շարունակում են գյուլենականների «որսը»
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներկայիս իշխանությունները հետևողականորեն շարունակում են գյուլենականներին երկրի պետական և մասնավոր ոլորտներից մաքրելու գործողությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Անկարայի նահանգի 9 քաղաքներում հուլիսի 27-ին գյուլենականների դեմ ուղված լայնածավալ հետախուզական գործողություններ են իրականացվել:
Հետախուզական գործողությունները հիմնականում իրականացվել են Թուրքիայի մաքսային և առևտրի նախարարության նախկին աշխատակիցների շրջանում:
Այս գործողությունների արդյունքում գյուլենական լինելու մեղադրանքով 38 անձի նկատմամբ ձերբակալության որոշում է կայացվել:
Այս 38 անձանց հեռախոսներում հայտնաբերվել է Bylock բջջային հավելվածը, որն արգելված է Թուրքիայում և համարվում է գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոցը:
Հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել ծածկագրերի միջոցով:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակի ազդեցություն է պահպանում Թուրքիայում:
74-ամյա գործիչը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները բաժանվել են:
Էրդողանը Գյուլենին պետական հեղաշրջման փորձի կազմակերպումից բացի, մեղադրում է բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում