Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին և կարևորելով Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իրականացվող համատեղ ծրագրերն իսկապես կարևոր են Երևան քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք կարևորում ենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը և պետք է ուրախությամբ նշեմ, որ արդեն իսկ ունենք կյանքի կոչված համատեղ հաջող ծրագրեր։ Այսօր շարունակում ենք ակտիվ փոխգործակցությունը մետրոյի վերակառուցման, կոշտ թափոնների կառավարման և էներգախնայողության ոլորտների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու մեկնարկենք նոր ուղղություններ՝ մասնավորապես քաղաքային տրանսպորտի կանոնակարգման և վերելակային տնտեսության արդիականացման ու կառավարման ոլորտներում, որոնք այսօր Երևանի առաջնային խնդիրներից են», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցությանը:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակն իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի քաղաքապետարանի թիմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նշել է, որ համագործակցությունն իսկապես հաջողված է, արդյունքներն էլ՝ գոհացուցիչ:

«Պարոն քաղաքապետ, համատեղ բոլոր այն ծրագրերը, որ նախաձեռնվել են, ունեցել են հաջող ընթացք և գործնականում ապացուցել են իրենց արդյունավետությունը, ինչն իսկապես գոհացուցիչ է: Այս հարցում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անմիջական հետևողականության դերը, որն էլ բերում է ցանկալի արդյունքների: Օգտվելով առիթից, ուզում եմ նաև նշել, որ Երևանի զարգացման ուղղությամբ Ձեր կողմից նախաձեռնված քայլերի արդյունքները տեսանելի և զգալի են ամբողջ քաղաքում, ինչի ականատեսն ենք դառնում նաև մենք՝ շրջելով Երևանի փողոցներում: Եվ ես լիահույս եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ ևս կլինի փոխշահավետ և կապահովի այն արդյունքները, որոնք ակնկալվում են», - ընդգծել է Վազիլ Հուդակը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև «Խելացի քաղաք» հայեցակարգի համատեքստում՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am