Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 25-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Արա Բաբլոյանը եղել է Գավառ քաղաքի Երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնում: Խորհրդարանի ղեկավարը շրջել է կենտրոնով, զրուցել բուժման հատուկ կուրսեր անցնող սահմանափակ ունակություններով երեխաների ծնողների, մասնագետների ու երեխաների հետ:

Վերականգնողական կենտրոնում անվճար սպասարկվում են ֆիզիկական, մտավոր, լսողական, լեզվական, հոգեբանական խնդիրներ ունեցող 0-18 տարեկան շուրջ 350 երեխաներ եւ դեռահասներ մարզի տարբեր համայնքներից: Ինչպես տեղում ներկայացրել են ՀՀ ԱԺ նախագահին, երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնում բացվել է մշտական 10-ը աշխատատեղ, եւ, ամենակարեւորը, բոլոր մասնագետները տեղացիներ են:

Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարն այցելել է Գավառ քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, ինչը նախատեսվում է ավարտել 2018թ-ի սեպտեմբերին: Արդիականացված մանկապարտեզում գործելու է 4 խումբ, որոնցից մեկում ընդգրկվելու են սահմանափակ կարողություններով երեխաները. նրանց համար ստեղծվելու են ներառական կրթության համար նախատեսված բոլոր պայմանները:

Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը եղել է նաեւ Գավառի մանկատանը, որտեղ ապրում է 58 երեխա: Արա Բաբլոյանը շրջել է մանկատան տարածքով, ծանոթացել պայմաններին եւ դիտել մանկատան սաների կողմից պատրաստված միջոցառումը:

«Մեր պատասխանատվությունը երեխայի հանդեպ ոչ միայն երջանիկ մանկությունը, այլ նաեւ երջանիկ ապագան ապահովելն է»,- ներկայացնելով այցի հիմնական նպատակը՝ լրագրողների հետ զրույցում նշել է Արա Բաբլոյանն ու հավելել. «Մեր մտածած ծրագիրը հիմնականում ուղղված է երեխայի իրավունքների պաշտպանությանը, ընդ որում, այն պետք է ընթանա կրթության, սոցիալական ապահովության, առողջապահության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում: Պետք է անենք հնարավորը, որպեսզի ծրագիրն աշխատի արդյունավետ՝ ներառելով վերականգնողական կենտրոն-մանկապարտեզ-դպրոց-մասնագիտացում եւ աշխատանք կապը: Վերականգնողական կենտրոնից հետո հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները ներառական կրթությունը շարունակելու են մանկապարտեզներում, ապա՝ դպրոցներում: Մեր նպատակն է նաեւ նորածին երեխաների, օրինակ, լսողական խնդիրները հայտնաբերել ժամանակին ու անվճար տալ ճիշտ ախտորոշում, ինչն էլ կօգնի հետագայում երեխային ապարատի միջոցով արհեստական չխոսել»,- եզրափակել է Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով հիվանդությունների ժամանակին ախտորոշումն ու բուժումը, նշել է նաեւ, որ որքան շուտ լուծվի երեխայի խնդիրը, այնքան շուտ նա կվերադառնա ընտանիք, ինչն էլ իր հերթին կնպաստի մանկատների բեռնաթափմանը:

Այցի ավարտին խորհրդարանի նախագահը նաեւ եղել է Սեւանում կառուցվող Բժշկական կենտրոնում, որտեղ նախատեսվում է միավորել հիվանդանոցը եւ պոլիկլինիկան՝ մեկ բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնում: Սեւանի նորակառույց բժշկական կենտրոնը հագեցած է լինելու ժամանակակից բժշկական սարքավորումներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am