Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բնակապահովման պետական ծրագրի շրջանակում կառուցված 258 բնակելի տները կհանձնվեն ծրագրի շահառուներին

Բնակապահովման պետական ծրագրի շրջանակում կառուցված 258 բնակելի տները կհանձնվեն ծրագրի շահառուներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հուլիսի 6-ին գումարել է  հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով ընտանիքների անապահովության գնահատման համակարգին՝ վարչապետը նշել է. «Ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հատկապես հասցեականության և հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ: Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել նաև համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները»: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և առաջարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն: Հանձնարարվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ՀՀ մարզպետերին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և առաջարկվել Երևանի քաղաքապետին 2-ամսյա ժամկետում ամփոփել և արդիականացնել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալները և ապահովել դրանց ամբողջական տրամադրումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն անապահովության գնահատման գործընթացում կիրառելու նպատակով:

«Սոցիալական ապահովության համակարգում մենք ուզում ենք սոցիալապես անապահով ընտանիքների վերաբերյալ ամբողջ տեղեկությունն  իմանալ՝ բանկային գործարքներ, անշարժ գույք և այլն, որպեսզի այնպես չստացվի, որ մենք սոցիալական աջակցություն ենք ցուցաբերում այն  անձանց, որոնք դրա կարիքը չունեն»,-նշել է գործադիրի ղեկավարը: 

 

Ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ 

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով թվային օրակարգի մշակման և իրագործման համակարգմանը, նշել է. «Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ հստակ ժամկետներով, այդ թվում պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ թվային ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը: Թվային օրակարգի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացմանն աջակցող խորհուրդ և մշակման փուլում է գտնվում միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը: Հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և առկա զարգացումները՝ պետք է նշել, որ ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ»:

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկությունների փաթեթ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման էլեկտրոնային համակարգերի զարգացման քաղաքականության համակարգման մասնագիտացված օղակի ձևավորման վերաբերյալ՝ ներառելով դրա կազմակերպչաիրավական ձևը և համապատասխան իրավական ակտի նախագիծը: «Մենք պետք է ունենանք մի կենտրոն, որը կկանոնակարգի մեր ամբողջ քաղաքականությունը»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

 

ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությունները կնպաստեն տարածքների մրցունակության բարձրացմանը 

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարություններին, որոնք մշակվել են  Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության հիման վրա: Ռազմավարությունների նպատակներն են` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում: Ռազմավարական տեսանկյունից տարածքային զարգացման արդյունքը կգնահատվի երկու ընդհանուր, սակայն հստակ ու չափելի հետևյալ ցուցանիշներով`

ա. 2025թ.-ի դրությամբ մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70 տոկոսից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելի, քան 30 տոկոսը։

բ. 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` 2014թ. համեմատ:

Կարեն Կարապետյանը կարևորել է մարզերի զարգացման ռազմավարությունները և նշել, որ դրանք պետք է դառնան աշխատանքային փաստաթղթեր: Վարչապետը հանձնարարել է նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս արագ սկսել իրականացնել ռազմավարության մեջ ներկայացված իրենց համապատասխան մասը՝ մարզպետերի հետ համատեղ քննարկումներ կազմակերպելով: «Այս փաստաթուղթը կարևոր է, քանի որ մենք գույքագրում ենք ներկայիս իրավիճակը, թույլ կողմերը, պրոբլեմները, առավելություններն ու հնարավորությունները: Մենք հստակ ձևակերպում ենք, թե ինչի ենք ուզում հասնել»,-ասել է գործադիրի ղեկավարն ու հավելել, որ վերահսկվելու է ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը:   

 

Վարչապետ. ՀՀ 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով

բավականին ամբիցիոզ սեփական եկամուտների մուտքերի աճ ենք նախատեսում

 

Հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն, ըստ անհրաժեշտության խմբագրական և այլ բնույթի ճշգրտումներից հետո, կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ: Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման համակարգի ներդրումն ուղղված է, մասնավորապես,  լուծելու հետևյալ խնդիրները` բարելավել մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը՝ ի հաշիվ ռեսուրսների իրատեսական և համապարփակ փաթեթի ձևավորման, նպաստել պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների միջոլորտային և ներոլորտային արդյունավետ վերաբաշխմանը՝ ըստ գերակա ուղղությունների, բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը և մեծացնել պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը: Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: ՀՀ 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծառայի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև` ընկալելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ` հանրության համար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը: Գործադիրի ղեկավարը նշել է. «Ծրագրով  բավականին ամբիցիոզ սեփական եկամուտների մուտքերի աճ և շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում: Նախատեսում ենք՝ տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ: Բավականին դժվար իրագործելի հայտանիշեր ենք դնում՝ հարկ-ՀՆԱ հարաբերակցության, արտաքին պարտքի կայունության, դեֆիցիտի վերաբերյալ: Բոլորիցս պահանջվելու է մաքսիմալ համակարգված աշխատանք»:  

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պահանջներն ապահովելու համար կառավարությունը սահմանել է նաև հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը: Այսպիսով՝ կկարգավորվի հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում օրենսգրքով սահմանված տեղեկությունների հրապարակման գործընթացը: Մասնավորապես նախատեսվում է,  որ պետք է հրապարակվեն  ոչ կարգապահ,  ինչպես նաև պետբյուջե խոշոր վճարումներ կատարած հարկ վճարողների մասին մանրամասն տեղեկություն: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ հաշվետվությունը, թափանցիկ կառավարումը  չափազանց կարևոր գործընթաց է. «Մենք այդ ուղղությամբ ենք գնալու»:   

 

Կերաշխավորվի հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը 

Գործադիրը հավանություն է տվել ««Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ ՀՀ սահմանադրությանը և վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանող օրենսդրություն, որը հնարավորություն կտա երաշխավորել հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը: Օրինագծով հավաքների ազատության սահմանափակումների նպատակները համապատասխանեցվել են Սահմանադրությամբ նշված նպատակներին:

Պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հստակեցնելու համար կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման նպատակն է ապահովել պատժի կրումը խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող անձանց պատժի հետագա կրումից ազատելու ընթացակարգի կանխատեսելիությունը, արդյունավետությունն ու ներքին հակասությունների բացառումը:  Հիվանդությունների ցանկը ներառում է այն ծանր հիվանդությունները, որոնց պատճառով առաջացած առողջական բացասական հետևանքները և տառապանքը պատժի կրումը դարձնում են անհնար, և որպես կանոն այդ հիվանդությունների ընթացքը ունենում է  լետալ (մահացու) ավարտ: Ցանկը 2006թ.-ից հետո չի լրամշակվել, ուստի անհրաժեշտություն էր առաջացել այն հստակեցնել և համապատասխանեցնել առողջապահության բնագավառում որպես բժշկական վիճակագրության և դասակարգման հիմք հանդիսացող Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգմանը:

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում` հացադուլ իրականացնող անձանց պահման պայմանների, նրանց հետ տարվող աշխատանքների և առանձնահատկությունները հստակեցնելու, կանոնակարգելու նպատակով: Արդյունքում, վկայակոչված միջազգային չափանիշներին համապատասխան, կսահմանվեն, թե ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է հացադուլ իրականացնող անձը պահվի, ինչպես նաև հացադուլ իրականացնելու գործընթացին առնչվող այլ առանձնահատկություններ: 

 

Հավանության են արժանացել ԿԲ-ի  2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության և 2017թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունները 

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության (գնաճի հաշվետվություն) վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը, որի համաձայն հանրապետությունում 2016թ. ընթացքում նվազող համախառն պահանջարկի պայմաններում, իրականացվել են առավել խթանող հարկաբյուջետային  և դրամավարկային քաղաքականություններ: Տարվա ընթացքում պահպանվել է նախորդ տարվա կեսից սկիզբ առած գնանկումային միջավայրը: Այս ժամանակահատվածում, ՀՀ ԿԲ-ն աստիճանաբար իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2.5 տոկոսային կետով: 2016 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից արժութային շուկայում էական միջամտություններ չեն իրականացվել: ՀՀ ԿԲ-ի քաղաքականության տոկոսադրույքի նվազեցմանը զուգընթաց ֆինանսական շուկայում նկատվել է կարճաժամկետ տոկոսադրույքների նվազում:

Մեկ այլ որոշմամբ էլ հավանության է արժանացել ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը: ՀՀ կենտրոնական բանկի 2017թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականները ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: ՀՀ կառավարությունը, կարևորելով մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացումը, հարկաբյուջետային կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում նպատակադրում է ՀՀ ԿԲ-ի կողմից ընդունված գնաճի երկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշը, որը երկարաժամկետ հատվածում կկայունացնի նաև գնաճային սպասումները: 

 

Բնակապահովման պետական ծրագրի շրջանակում կառուցված 258 բնակելի տները կհանձնվեն ծրագրի շահառուներին 

Կառավարությունն ընդունել է «ՀՀ Լոռու մարզպետարանին գույք ամրացնելու, Գյումրու և Սպիտակի համայնքներին գույք հանձնելու մասին» որոշում՝  աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում կառուցված գույքը դրա հասցեատերերին (ծրագրի շահառուներին և համայնքին) հանձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:  Ըստ հիմնավորման՝ կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ՝ պետության և ծրագրի շահառուների հետ կնքված եռակողմ պայմանագրերի հիման վրա, ծրագրի շահառուներից ձեռք է բերել տնամերձ հողամասեր՝ այդ հողամասերում ընտանիքներին հասանելիք չափով (սենյակների թվով) բնակելի տների կառուցման նպատակով: Թվով 258 բնակելի տների կառուցումն ավարտին է հասցվել, սակայն ընկերության սնանկացման պատճառով չի հանձնվել ծրագրի շահառուներին: Անհրաժեշտություն է առաջացել վերը նշված 258 բնակելի տները հանձնել ծրագրի շահառուներին և դրանով ավարտին հասցնել նրանց նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը, ինչպես նաև Սպիտակ քաղաքի Վարպետաց և Գյումրի քաղաքի Մուշ-2-2 ու Անի թաղամասերում կառուցված կոմունիկացիոն համակարգերը հանձնել համայնքներին՝ այդ թաղամասերի բնականոն շահագործումն ապահովելու նպատակով: Հիշեցնենք, որ այս հարցը բարձրացվել է վարչապետի գլխավորությամբ Լոռու մարզում հուլիսի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում:

 

Դպրոցներում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթները բացառելու նպատակով դրույթներ են նախատեսվել  

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝  պետական հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրության դրույթները հստակեցնելու, ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը բացահայտելու, գնահատելու ու դրան համապատասխան կրթությունը կազմակերպելու, բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով: Որոշմամբ դպրոցի կոլեգիալ կառավարման խորհրդի, գործադիր մարմնի լիազորությունները  համապատասխանեցվել են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթներին: Որոշ դրույթներ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման նպատակով: Համապատասխան կարգավորումներ են նախատեսվել յուրաքանչյուր դպրոցում բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման համար: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ դպրոցը պետք է ունենա պաշտոնական կայք, որտեղ կհրապարակվեն դպրոցի նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները և դպրոցի գործունեությանն առնչվող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ տեղեկություններ: Մեկ ալ փոփոխությամբ՝ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է,որ  կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում  մինչև 2017թ. ավարտը նախատեսվում է ամբողջությամբ վերանայել դպրոցների խորհուրդների, տնօրենների նշանակման, ազատման կարգերը, քանի որ հասարակությունում առկա է արդարացի դժգություն այս հարցերի վերաբերյալ: 

Այլ որոշումներ 

Գործադիրը սահմանել է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանվել  օբյեկտների կարգավիճակը, անվտանգությունը և մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները  բնութագրող հիմնական ցուցանիշները: Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ տարածքում առկա ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման մեթոդական հիմքերը և ստեղծել դրանց վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազա, ինչը հիմք կհանդիսանա հետագա բնապահպանական միջոցառումների ծրագրերի մշակման համար: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ տարածքում առկա են ընդերքօգտագործման թափոնների մի շարք փակված օբյեկտներ, սակայն ՀՀ պետական կառավարման լիազոր մարմինները չեն տիրապետում այդ օբյեկտների կարգավիճակի, դրանցում կուտակված ընդերքօգտագործման թափոնների քանակի և ագրեգատային վիճակի, դրանց շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների  վերաբերյալ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ Նախագահի մրցանակի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով: Ընթացիկ տարում իրականացվել է մրցույթի առաջին և երկրորդ փուլերը, իսկ եզրափակիչ՝ երրորդ փուլի իրականացման համար համապատասխան ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]