Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Իսրայելցի հայտնի քաղաքագետն անընդունելի է համարում Արցախ այցելելու համար Ադրբեջանում «սև ցուցակներ» կազմելը

 Իսրայելցի հայտնի քաղաքագետն անընդունելի է համարում Արցախ այցելելու համար Ադրբեջանում «սև ցուցակներ» կազմելը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը կոչ է անում իր ընկերներին ու հարազատներին այցելել Արցախ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ավիգդոր Էսկինն, ամփոփելով Արցախ կատարած իր այցը, նշեց, որ շատ տպավորված է:

«Իմ առաջին այցը եղավ Արցախ, այն ինձ համար ավելի ուսուցողական բնույթ ուներ, ես եկել եմ տեսնելու, լսելու, ծանոթանալու: Եկել եմ սովորելու, ոչ թե ինչ-որ մեկին սովորեցնելու: Կարող եմ ասել, որ Արցախում իմ տպավորությունները դրական են, շատ լավ ընդունելություն էր կազմակերպվել, մթնոլորտը շատ ջերմ էր: Հանդիպում եմ ունեցել իմ վաղեմի ընկերների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ի դեպ, ինձ տվել են խիստ շեշտադրումներով հարցեր, բայց մենք խոսել ենք, ինչպես ընկերներ: Քաղաքացիների հետ եմ շփվել, նրանց շրջանում կար համախմբվածություն, միասնականություն, նրանց դեմքին կար ժպիտ: Ես արժանացա բարյացակամ վերաբերմունքի »,-ասաց իսրայելցի գործիչը:

Նա ընդգծեց, որ Արցախում իր տեսածի մասին պատմելու է և ամենևին չի կաշկանդվելու: Նա իր զարմանքը հայտնեց ադրբեջանցիների վերաբերմունքի, վերջին օրերին հնչած արձագանքների վերաբերյալ:

«Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է չայցելեմ Արցախ: Ինձ համար հրեշավոր է, որ Արցախ այցելելու համար ես Ադրբեջանում դարձել եմ անցանկալի անձ: Արցախ այցից հետո Ադրբեջանի ինչ-որ «սև ցուցակներում» եմ հայտնվում, ինչու՞։ Այն, որ մարդը բարի կամքով այցելում է Արցախ, խոսում է այնտեղի մշակութային, կրթության բարձր մակարդակի ու լավ ընդունելության մասին: Ադրբեջանում այդ մարդը «պերսոնա նոն գրատա» է ճանաչվում»,-ասաց Ավիգդոր Էսկինը: Նա ընդգծեց, որ չի կարող ընդունել այն սահմանափակումները, ըստ որոնց, չի կարող այցելել իր ընկերներին: Այնինչ` Արցախում Ավիգդոր Էսկինն ընկերներ ունի:

«Արմենպրես»-ի այն դիտարկմանը,  թե տարիներ առաջ Ավիգդոր Էսկինը պրոադրբեջանական դիրքորոշում ուներ, իսկ այսօր` այլ, իսրայելցի գործիչը նշեց, որ Ադրբեջանի համար հույժ կարևոր է Հայաստանի նկատմամբ մտածողության փոփոխությունը:

«Ես մաղթում եմ Ադրբեջանին խաղաղություն: Գիտեմ, որ Ադրբեջանի զարգացմանը կնպաստի Հայաստանի հետ գործընկերությունը: Այն, որ ժամանակին Բաքուն ծաղկող քաղաք էր, դրանում մեծ ներդրում են ունեցել նաև հայերը: Այս ամենից բացի, պետք է նաև խոսել անընդունելի երևույթների մասին, երբ Արցախ այցելելու համար «սև ցուցակ» են ներառում»,-ասաց Ավիգդոր Էսկինը:

Խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորումից՝ Ավիգդոր Էսկինը նշեց, որ մինչ բուն խնդիրը կարգավորելը նախ և առաջ պետք է ձևավորել խաղաղասիրության մթնոլորտ: Դա պետք է լինի համար առաջին հարցը:

«Իսրայելը գնաց խաղաղ գործընթացի այն բանից հետո, երբ համոզվեց, որ իր հարևանների դպրոցներում չեն սովորեցնում, որ մեզ պետք սպանել, և քանի դեռ այդ ամենը չի դադարել, ինչ-որ պայմանավորվածությունների գնալը ոչինչի չի հասցնի, առաջին քայլը միշտ պետք լինի բարեկամության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորումը»,-ասաց նա։

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին` Ավիգդոր Էսկինը նշեց, որ, դեպքերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիայի չի տիրապետում, սակայն կարծում է, որ պետք է շնորհակալ լինել հայերին, որ այդ ամենը կարողացան կանգնեցնել: Այդ օրերին հայկական կողմը ցուցաբերել է իմաստուն մոտեցում:

Իսրայելցի գործչի այցն Արցախ կազմակերպած արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարևոր համարեց այս այցը:

«Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը, Իսրայելը պետք է զարգացնեն հարաբերությունները միմյանց հետ: Ես կարծում եմ, որ դա ժամանակի հրամայական է: Այս ընթացքում փոխայցեր եղել են: Ավիգդոր Էսկինի այցն այդ տրամաբանության շարունակությունն է: Այսօր մեծ զարգացում է ապրում ժողովրդական դիվանագիտությունը, և մենք օգտագործում ենք «փափուկ ուժ»-ը, որը կարող է նպաստել երկու երկրների զարգացմանը»,-հավելեց Արման Նավասարդյանը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am