Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Կամավորության սկզբունքի կիրառման դեպքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամը դատապարտված կլիներ. նախարար

Կամավորության սկզբունքի կիրառման դեպքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամը դատապարտված կլիներ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աշխատանքները շատ թափանցիկ են, կայքէջը յուրաքանչյուր վայրկյան իրական ժամանակում ցույց է տալիս, թե որքան գումար է մուտքագրվել, որքան փոխհատուցում է վճարվել, որ ընտանիքիներն են ստացել այն և այլն: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես է նախարարը գնահատում հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների փոխհատուցման արդյունավետ մեխանիզմ ներդնելու նախաձեռնությունը, որի արդյունքում էլ ձևավորվեց համապատասխան հիմնադրամը: Նախարարի խոսքով` փոխհատուցման ամբողջ գործընթացն ամենաշատը տևում է շաբաթներ դեպքից հետո, քանի որ լինում են հաշմանդամության կարգը որոշելու կամ պատճառահետևանքային կապն իրավապահ մարմինների միջոցով արձանագրելու խնդիր:

«Համարում եմ, որ հիմնադրամը հասել է իր նպատակին, այն առումով, որ մենք հասարակության միջոցով կարողացել ենք ձևավորել մեր վերաբերմունքը: Յուրաքանչյուր անգամ, երբ անհրաժեշտություն ունենք հիմնադրամից փոխանցումներ կատարելու` ես անհատական նամակ եմ գրում այդ ընտանիքին, որ այդ գումարները հավաքվել են մեր ժողովրդի աշխատանքի արդյունքում և այն մեր հասարակության վերաբերմունք է ձեր ընտանիքին, կամ հաշմանդամի պարագայում ձեզ` ձեր ծառայության համար: Կարծում եմ՝ այն շատ համախմբող և կարևոր նշանակություն ունեցող հիմնադրամ է: Ինչպես և ես կանխատեսում էի, այն մարդիկ, ովքեր գոռում, գոչում էին կամավոր սկզբունքը պահպանելու մասին, մինչ օրս որևէ գումար չեն փոխանցել այդ հիմնադրամին: Կամավոր սկզբունքով հիմնադրամ է վճարվել 38 մլն դրամ, հավաքագրված 2 մլրդ 250 մլն դրամից: 38 մլն դրամը մեկ քառորդն է այն փոխհատուցումների, որոնք վճարվել են ընտանիքներին: Այսինքն` կամավոր սկզբունքով այդ հիմնադրամը ուղղակի չէր գործելու և ինչպես շատ այլ հիմնադրամներ դատապարտված էր լինելու»,- ասաց Սարգսյանը:

ՊՆ նախարարը նաև շնորհակալություն հայտնեց երջանկահիշատակ Ռուբեն Գևորգյանցին, ով մահանալուց հետո կարողացավ քաղաքացիական դիրքորոշման օրինակ հանդիսանալ:

Նա հիշեց, որ Ռուբեն Գևորգյանցի հետ վաղուց զրուցել էին, որ ծաղկեպսակների ավանդույթը կարելի է փոխարինել նրանով, ինչ աշխարհը վաղուց է անում, այսինքն` նվիրաբերություններ անել որևէ ուղղությամբ: Սարգսյանի խոսքով` միմյանց հետ զրուցելուց հետո Գևորգյանցը վերադարձել էր տուն և ասել, որ եթե իրեն մի բան պատահի, հիշեն դրա մասին:

«Սա եղել է տարիներ առաջ, և իր այրին անմիջապես որոշումը կայացրել էր, որ ամբողջ գումարը փոխանցվելու է հիմնադրամին: Ընտանիքը հրաժարվել է նաև հուղարկավորության ծախսերի կազմակերպման պետական գումարից և այն ևս փոխանցելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- ասաց նախարարը`  հավելելով, որ մեր հասարակության մեջ պետք է այդ ավանդույթը ձևավորենք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am