Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ժուռնալիստական արհմիության ստեղծումը Հայաստանում կօգնի մի շարք խնդիրների ուղիների միասնական որոնմանը

Ժուռնալիստական արհմիության ստեղծումը Հայաստանում կօգնի մի շարք 
խնդիրների ուղիների միասնական որոնմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժուռնալիստական արհմիության ստեղծման համար Հայաստանում կան նախադրյալներ: Հայաստանի համար լավագույն տարբերակը համախմբող արհիմության մոդելն է: Այն կօգնի խնդիրների վերլուծության, ուղիների միասնական որոնման հարցերում , լրագրողին կպաշտպանի նաև ղեկավարության քմահաճույքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին տեղի ունեցավ Եվրոպական ժուռնալիստների միության հետ համագործակցության շրջանակում Ժուռնալիստական արհմիության ստեղծման քննարկում: Ներկա էին հյուրեր Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայից, ներկայացուցիչներ հայաստանյան լրատվամիջոցներից, լրագրողներ Ժուռնալիստների կոնֆեդերացիայից, Հայաստանի ժուռնալիստների միության վարչության անդամներ, մարզային լրագրողներ:

«Լրագրողական արհմիությունների ստեղծումը երկար ժամանակ հուզել է ժուռնալիստական հանրությանը: Լրագրողական արհմիությունները եթե ոչ այսօր, ապա վաղն անհրաժեշտություն են լինելու: Առանց լուրջ արհմիութենական կառույցների մենք չենք կարողանա պաշտպանել մեր աշխատանքային իրավունքները, մեր մասնագիտության բարոյականությունը: Այս հարցը քննարկել ենք միջազգային շատ կառույցներում, եղել ենք նաև մարզային լրատվամիջոցներում»,
- ասաց  Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը և հավելեց, որ միանշանակ ունի իր կարծիքը՝ արհմիությունները պետք է ստեղծվեն:

«Մենք պետք է ցուցաբերենք միասնական մոտեցում: Անցյալ տարի մենք հրապարակեցինք միջազգային հետազոտության հարցման արդյունքները մասնագիտական արհմիությունների զարգացման վերաբերյալ, թե  ինչպես են արհմիություններն արձագանքում աշխատանքի հետ կապված փոփոխություններին: Կար սխալ տպավորություն, որ այդ միությունները հնաոճ, ծերունիների կողմից ղեկավարվող, իրականությունից կտրված կառույցներ են: Եվրոպայում և Լատինական Ամերիկայում ղեկավարներն, իսկապես, տարեց են, բայց աշխարհի այլ մասերում, օրինակ՝ Ասիայում, Աֆրիկայում այդպես չէ: Հարցին, թե ինչու լրագրողները չեն անդամակցում արհմիություններին, ամենատարածված պատասխանն այն էր, որ չեն կարծում, թե արհմիությունը կարող է իրենց օգտակար լինել: Կար մտավախություն, որ անդամակցելը կարող է վատ անդրադառնալ մասնագիտական հեռանկարների վրա, չի լինի առաջխաղացում, կամ կհեռացվեն աշխատանքից: Արհմիությունների չանդամակցելու մյուս պատճառն էլ արհմիությունների՝ լրագրողներին չդիմելն է: Կա արհմիությունների կոնֆեդերացիա, բայց արհմիութենական աշխատանք չի իրականացնում» ,-ասաց  Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Օլիվեր Մոնեյ-Կիրլն ու հույս հայտնեց, որ, հնարավոր է, միությունը ստանձնի արհմիութենական գործառույթներ:

APR group-ի նախագահ Ռուբեն Սարգսյանն առաջարկեց ժուռնալիստական արհմիության տեսակներից Հայաստանում ստեղծել համախմբող արհիմությունը: Հայաստանի համար դա լավագույն մոդելն է: «Ազատ արհմիությունների գոյությունը ժողովրդավար պետությունների, մամուլի ազատության նախադրյալներից մեկն է: Արհմիությունը կառուցված է ժողովրդավարության, անկախության և համերաշխության գաղափարախոսության վրա: Հայաստանում արհմիության ստեղծման համար կան նախադրյալներ: Արհմիության անդամակցելու շարժառիթներն են լրագրողների և ոլորտի խնդիրների վերլուծությունը, միասնական շահերի գիտակցումը բոլոր աշխատողների կողմից, միասնական ուղիների որոնումը»,-ասաց Ռուբեն Սարգսյանն ու հույս հայտնեց, որ արհմիությունները կպաշտպանեն նաև աշխատողին տնօրինության քմահաճույքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am