Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի կոմպոզիտոր Գիա Կանչելիին

Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի կոմպոզիտոր Գիա Կանչելիին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին ընդունել է Վրաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գիա Կանչելիին, ով ժամանել է Հայաստան հունիսի 18-20-ը Երևանում անցկացվող Կանչելիին նվիրված փառատոնին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով անվանի կոմպոզիտորին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում շատ սիրում ու բարձր են գնահատում Գիա Կանչելիի արվեստը, ինչի վկայությունն է նրան նվիրված երևանյան փառատոնը: Այն, ըստ Նախագահի, կոմպոզիտոր Կանչելիի երաժշտական ժառանգության նկատմամբ հայ հանդիսատեսի սիրո և ճանաչման լավագույն դրսևորումն է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ճանաչված կոմպոզիտորին, ով իր մեծ ներդրումն ունի հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Գիա Կանչելին նշել է, որ իր ստեղծագործական գործունեության մի զգալի ժամանակահատված ուղղակիորեն կապված է Հայաստանի հետ՝ իր յոթ սիմֆոնիաներից վեցը գրել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը և այդ կապակցությամբ երկար ժամանակ է անցկացրել Հայաստանում՝ ձեռք բերելով անկրկնելի ընկերներ հայ կոմպոզիտորների շրջանում: Անվանի մտավորականը ջերմությամբ է հիշել նրանց հետ հանդիպումներն ու շփումները՝ ընդգծելով, որ դրանցով մինչ այսօր հպարտանում է:

Նշելով, որ հայ-վրացական հարաբերություններն այսօր գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, տարեցտարի առավել ամրապնդվում և խորանում են բարիդրացիական կապերը երկու ժողովուրդների միջև, զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ավագ սերնդի ներկայացուցիչների, այդ թվում՝ անվանի մարդկանց մեծ բարեկամության օրինակների վրա շարունակել կրթել ու դաստիարակել երիտասարդ սերնդին՝ խրախուսելով ակտիվ շփումները մշակույթի ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am