Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կմեկնարկի ուլտրամարաթոնի վազորդ Թելմա Ղազարեան Ալթունի վազքը Վարդենիսից մինչև Հադրութ

Կմեկնարկի ուլտրամարաթոնի վազորդ Թելմա Ղազարեան Ալթունի վազքը Վարդենիսից 
մինչև Հադրութ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիսից հունիսի 8-ին կմեկնարկի ուլտրամարաթոնի վազորդ, լեռնագնաց, արշավորդ 42-ամյա Թելմա Ղազարեան Ալթունի վազքը մինչև Հադրութ` լեռնային արահետով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Թելմա Ղազարեան Ալթունը նշեց, որ պատրաստվում է 3 օրում անցնել ավելի քան 283 կմ:

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում, անձամբ արահետին ծանոթ չեմ, բայց իմ ուղեկցորդը` Հանս Քայֆերը, այստեղ է եղել մի քանի անգամ, նա շատ լավ ծանոթացել է տեղանքին և ամբողջ վազքի ընթացքում իմ կողքին է լինելու»,-ասաց Թելմա Ղազարեան Ալթունը:

Հանս Քայֆերը, ում մայրը հայ է, շատ է լսել Հայաստանի մասին: Ծանոթանալով Թելմա Ղազարեանի հետ, միտք հղացավ, որևէ ձևով նպաստել Հայաստանում, Արցախում ինչ-որ ծրագրի զարգացմանը: Համատեղ որոշվեց այս վազքը կազմակերպել:

«Թելման բավական պատրաստված է: Նա մինչ այժմ բազմաթիվ միջազգային մրցույթների է մասնակցել, բավական դժվարություններով ճանապարհներ է հաղթահարել: Ճիշտ է, Հայաստանից Արցախ ձգվող արահետի դժվարություններին անձամբ ծանոթ չէ, բայց վստահ եմ, խնդիր չի լինի նա կհաղթահարի»,-ասաց Հանս Քայֆերը:

Վազքի ընթացքում Թելման դադարներ կանի: Անվտանգությունից ելնելով` գիշերները կդադարեցնեն վազքը: «Հայ լեռնագնացների միություն-Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Գասպարյանի խոսքով, այս վազքով կտրվի դրամահավաքի մեկնարկը, որի ընթացքում ստացված գումարը կուղղվի Հայաստանից Արցախ ձգվող Janapar  Trail արշավային արահետի բարելավմանը:

«Միությունն ամբողջ Հայաստանի տարածքում իրականացնում է արշավային արահետների գծանշումներ` դրանք զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու նպատակով: Մենք նախաձեռնել էինք հայկական լեռնաշխարհի արահետի հիմնումը, որը պետք է սկսվի Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման: Միտք հղացանք այդպիսի ծրագիր իրականացնել Արցախում, որը կլինի հայկական լեռնաշխարհ արահետի մի ուղղություն»,- ասաց Գևորգ Գասպարյանը:

Ֆինանսական աջակցության պայմաններին ցանկացողները կարող են ծանոթանալ ahaarmenia.org կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am