Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայ բեռնափոխադրողները կկարողանան կաբոտաժային բեռնափոխադրումներ իրականացնել ՌԴ-ում, Բելառուսում և Ղրղզստանում

Հայ բեռնափոխադրողները կկարողանան կաբոտաժային բեռնափոխադրումներ 
իրականացնել ՌԴ-ում, Բելառուսում և Ղրղզստանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է հայ բեռնափոխադրողներին թույլատրել Ռուսաստանի Դաշնությունում, Ղրղզստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում միջպետական բեռնափոխադրումն ավարտելուց հետո իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 4-ի նիստի օրակարգում:

Նախագիծը հնարավորություն կտա հայ բեռնափոխադրողին զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և լրացուցիչ եկամուտի աղբյուր կդառնա:

«Արդյունքում հայ բեռնափոխադրողների կողմից տվյալ բնագավառում կկատարվեն ներդրումներ, կթարմացվի տրանսպորտային պարկը, կզարգանան միջպետական բեռնափոխադրումները»,- ասված է հիմնավորման մեջ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան ՀՀ-ում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցելուց հետո ԵԱՏՄ տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է համարվում անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը, որը հնարավորություն կտա ԵԱՏՄ  անդամ-պետությունների բեռնափոխադրողներին առավել արդյունավետ կազմակերպելու միջազգային բեռնափոխադրումները:

Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի համաձայն 2016 թվականի հունվարի 1-ից անդամ-պետությունների տարածքում պետք է իրականացվեն կաբոտաժային փոխադրումները: Կաբոտաժային փոխադրումների ծրագիրը իրականացվելու է 4 փուլով:

Կաբոտաժային բեռնափոխադրումների թույլտվությունը հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ մի երկրի բեռնափոխադրող ընկերության միջազգային փոխադրումների ճանապարհին բեռներ փոխադրել մի կետից մյուսը միության անդամ մեկ այլ պետության տարածքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am