Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Էրեբունի հնավայրի վերականգնման համար անհրաժեշտ է 8 մլն դոլարի ներդրում կատարել

Էրեբունի հնավայրի վերականգնման համար անհրաժեշտ է 8 մլն դոլարի ներդրում 
կատարել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էրեբունի հնավայրի վերականգնման երկու աշխատանքային և յոթ էսքիզային նախագիծ կա։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը։ 
«Մենք նպատակ ունենք հանրությանը ներկայացնել բոլոր այն ծրագրերը, որոնց մեկնարկը տրվել է դեռևս մի քանի տարի առաջ։ Այս տարի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Էրեբունի հնավայրը կունենա իր ավարտուն նախագիծը։ Այս տարվանից ձեռնամուխ կլինենք վերականգնողական և շինարարական աշխատանքների իրականացմանը։ Կփորձենք անել այնպես, որ Էրեբունի-Երևանի 2800-ամյակը հնարավորինս պատշաճ դիմավորենք, այդ իսկ պատճառով մինչև 2018 թվականի հոկտեմբեր ամիսը անհրաժեշտ կլինի շատ լարված աշխատել»,- ասաց Գագիկ Գյուրջյանը: 
Նրա խոսքով` միջնաբերդի, պալատական կառույցների, կարասային սրահի, Խալդ աստծո տաճարի, ամֆիթատրոնի, ուրարտական խոհանոցի էսքիզային նախագծերն ընթացքի մեջ են, իսկ ցանկապատի և պահակակետերի աշխատանքային նախագիծն արդեն պատրաստ է։ 

«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանն էլ իր հերթին ասաց, որ իրենց աշխատանքները կապված են հնագիտական արգելոց- թանգարանի աշխատանքների բարելավման և աջակցման հետ։ 
Իրականացվող բոլոր ծրագրերը կապված են Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հեռանկարների հետ։ 
«Քաղաքի կամ երկրի զբոսաշրջային զարգացման հիմնական բնութագիրը, որը շատ ավելի ճանաչված է միջազգային կազմակերպություններում՝ պատմական վիճակի ճանաչողական, ցուցադրական ներկայացումն է: Երեք հնագիտական բնակավայրերը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Կարմիր բլուր ու Շենգավիթ հնավայրերն ընդգրկված են Երևանի զբոսաշրջային զարգացման ընդհանուր ծրագրերի մեջ»,- անդրադառնալով այդ երեք հնավայրերին` նշեց Սիրեկան Օհանյանը: 
«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը տեղեկացրեց, որ Շենգավիթ հնավայրի վերականգնողական աշխատանքների համար հարկավոր է 2 մլն դոլարի ներդրում, Կարմիր բլուրի համար՝ 3 մլն դոլարի, իսկ Էրեբունի հնավայրի համար՝ 8 մլն դոլարի: 
Ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով որոշում է կայացվել վերականգնողական աշխատանքների մեջ մասնավորի բաղադրիչը ևս մտցնել: 
Վերականգնման աշխատանքների արդյունքում կբարելավվի հնավայրերի տարածքը, գրադարանների, գրապահոցների, հնագիտական նմուշների վերականգնումից բացի, հատուկ սրճարան ու հուշանվերների խանութ կլինի, նաև տեղ՝ բեմադրություններ և ցուցադրություններ կազմակերպելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am