Սպասվող լրահոս. 25.04.2017
Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մ. Համիդ Անսարին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Փոխնախագահ Մ. Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:
ՀՀ սահմանադրական դատարանում կլսվի «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:
Միջազգային իրավունքի փորձագետ, Իրավաբանական համահայկական համաժողովին կից Հայոց ցեղասպանության իրավական հարցերի համակարգող Վլադիմիր Վարդանյանը կներկայացնի մանրամասներ Հայոց ցեղասպանության իրավական գործընթացից: Լրագրողների հետ կհանդիպի նաև ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ով ամփոփ դիտարկումներ կներկայացնի Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ:
Մամուլի ասուլիսով հանդես կգան Գերմանիայում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության անդամները: Կազմակերպությունում տարբեր ազգի ներկայացուցիչներ են` թուրք, քուրդ, չերքեզ, զազա, սունի: Յուրաքանչյուր տարվա ապրիլի երրորդ շաբաթը կազմակերպության անդամները ժամանում են Երևան՝ հայերի ամենամեծ ցավը կիսելու և իրենց պապերի ձեռքով կատարված ոճրագործության համար հայերից ներողություն խնդրելու առաքելությամբ։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կներկայացնի 2017թ. առաջին եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների, ԶԼՄ-ների իրավունքների մասին:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կբացվի Մարիամ Սուխուդյանի «Բնության զարկը» խորագրով նկարների ցուցահանդեսը: Մարիամ Սուխուդյանը հայտնի է որպես բնապահպան, ակտիվիստ։ Ցուցահանդեսի բացմանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կհյուրընկալի Գավառի մանկատան մի խումբ սաների և սիրիահայ երեխաների։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը և «Մեգերյան կարպետներ» ընկերությունը մեկնարկում են նոր բարեգործական ծրագիր՝ նվիրված «Մեգերյան կարպետների» 100-ամյա հոբելյանին։ «Մեգերյան կարպետներ» ընկերության հմուտ գորգագործների օգնությամբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառու՝ Վանանդ համայնքի երիտասարդները կաշխատեն հոբելյանական գորգի ստեղծման վրա։ Ծրագրի մեկնարկը կտան «Մեգերյան կարպետ» ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդի ատենապետ դոկտոր Գարո Արմենը։
Ազգային պատկերասրահում կբացվի «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին: Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։ Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում