Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ժամանակակից լիդերությունը հիմնված է արժեքների վրա. «Արմենպրես»-ի տնօրենի դասախոսությունը ԵՊՀ-ում

Ժամանակակից լիդերությունը հիմնված է արժեքների վրա. «Արմենպրես»-ի տնօրենի 
դասախոսությունը ԵՊՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձեւաչափ» խորագրով ծրագրի շրջանակներում մարտի 24-ին Մայր բուհի ուսանողները հանդիպեցին ԵՊՀ շրջանավարտ, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ, ով հանդես եկավ ուսանողական լիդերության եւ կարիերայի զարգացման կապակցվածության վերաբերյալ դասախոսությամբ:

Անդրադառնալով ժամանակակից աշխարհում լիդերության տրանսֆորմացիային՝ Արամ Անանյանը նկատեց, որ ներկայումս ամենամեծ խնդիրներից մեկը արժեքային համահարթեցումն է:

«Մինչեւ վերջին տարիների քաղաքական- հասարակական փոփոխությունները թվում էր, թե ժամանակակից աշխարհում վառ լիդերների համար այլեւս տեղ չկա, բոլորը հակված էին այն մտքին, որ գլոբալացումը, տեխնիկական առաջընթացը, տնտեսական եւ քաղաքական զարգացումները բերում են համահարթեցման, այսինքն՝ համաեվրոպական տիրույթում հանրային կարծիքի առաջնորդները, կարծես, հստակ չէին ձեւակերպում իրենց ասելիքը»,- նշեց Անանյանը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Նրա կարծիքով՝ ներկայումս արժեքներն ու դրանց վրա հիմնված առաջնորդությունն է ամենակարեւորն ու ամենահաջողվածը, երբ մարդը չի վախենում հստակորեն նշել, թե որ արժեքներն է ինքը պաշտպանում:

«Համաշխարհային քաղաքական և տնտեսական վերջին պրոցեսները եւս ապացուցում են, որ ապագայի լիդերների համար արժեքներն են ամենից կարեւոր: Այսօր համաշխարհային առումով տեսնում ենք հենց արժեքներ առաջարկող լիդերների օրինակներ: Ժամանակակից աշխարհը հստակ դիրքորոշում է պահանջում քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային մարտահրավերների վերաբերյալ»,- հավելեց Անանյանը:

«Արմենպրես»-ի տնօրենը նման քննարկումները լավ հնարավորություն համարեց, որպեսզի ուսանողները, շրջանավարտներն իրենց որակները և անելիքները կառուցեն արժեքների վրա, իրենց համար սահմանեն այդ արժեքները, պատրաստ լինեն գնալ դրանց հետեւից եւ պաշտպանել, փաստարկել իրենց գաղափարները: «Դա ամենահեշտ ճանապարհը չէ, բայց ամենահաջողվածն է»,-ընդգծեց նա:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ բավականին ակտիվ հարցուպատասխան:

«Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձեւաչափ» խորագրով ծրագիրը նախաձեռնել է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը: Ծրագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտները հանդիպում են ունենալու մի շարք ընկերությունների եւ կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկելու են արդիական հարցեր:

Նախաձեռնության նպատակներից են երիտասարդ մասնագետ եւ գործատու կապի ապահովումը, երիտասարդ մասնագետներին որոշակի գիտելիքների փոխանցումն ու անհրաժեշտ հմտությունների ձեւավորումը, ինչպես նաեւ հետագայում երիտասարդների համար աշխատանքի կամ պրակտիկայի հնարավորության ստեղծումը:

Կենտրոնը համագործակցում է «Beeline Հայաստան», «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ Հայաստան», «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունների հետ, որոնց ներկայացուցիչների հետ եւս նախատեսված են հանդիպումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am