Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահին շնորհվեց ՄԳԻՄՕ-ի Պատվավոր դոկտորի կոչում

ՀՀ Նախագահին շնորհվեց ՄԳԻՄՕ-ի Պատվավոր դոկտորի կոչում

ՄՈՍԿՎԱ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին այցելեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մոսկվայից, ինստիտուտում Սերժ Սարգսյանին դիմավորեց ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը: Ինստիտուտում շրջելուց հետո ՀՀ Նախագահը հանդիպում ունեցավ ՄԳԻՄՕ-ի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հանդիպման մեկնարկին ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովն ընթերցեց ՄԳԻՄՕ-ի գիտական խորհրդի որոշումը, որով ՀՀ Նախագահին շնորհվեց ինստիտուտի «Պատվավոր դոկտորի» կոչում: Ներկայացնելով հյուրին` ռեկտորը նշեց, որ ՀՀ Նախագահի` ՄԳԻՄՕ կատարած այցը մեծ հարգանքի նշան է ուսանողության և հենց այդ համալսարանի նկատմամբ:

«Գիտենք, որ Դուք, պարոն Նախագահ, մեծ ուշադրություն եք դարձնում երիտասարդության խնդիրների»,- նշեց Տորկունովը: Ռեկտորի խոսքով` ՄԳԻՄՕ-ն պատմականորեն պարտական է հայ ընտանիքներին իրենց ներդրման համար, մասնավորապես՝ Լազարյանների ընտանիքին: Նա նաև շեշտեց, որ համալսարանի կապերը Հայաստանի հետ պահպանվել են նաև հետխորհրդային տարիներին: Անկախությունից ի վեր ՄԳԻՄՕ-ն ավարտել են 150 ՀՀ քաղաքացիների, իսկ ներկայում ուսանում են 50-ը:

«Ձեր այցն անցնում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: Հայաստանը Ռուսաստանի ամենակարևոր դաշնակիցներից է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև աշխարհում»,- դիմելով ՀՀ Նախագահին` նշեց Տորկունովը:

Պարգևատրման արարողության ավարտին հնչեց համալսարանականների հիմնը` «Գաուդեամուսը»: ՀՀ Նախագահն էլ շնորհակալություն հայտնեց ինստիտուտի գիտական խորհրդին կոչումի շնորհման համար և շեշտեց, որ ՄԳԻՄՕ-ն իր ներդրումն է ունեցել հայտնի դիվանագետների, քաղաքական-պետական գործիչների, բիզնեսմենների ու լրագրողների պատրաստման գործում:

«Կցանկանայի այսօր շնորհակալությամբ նշել այն կարևոր ներդրումը, որ ՄԳԻՄՕ-ն ունի Հայաստանի Հանրապետության համար կադրերի պատրաստման գործում, ովքեր կիրառել ու կիրառում են իրենց գիտելիքների պաշարը, որ ձեռք են բերել այս կարևոր կրթական հաստատությունում, միջազգային հարաբերությունների ոլորտում, այդ թվում` մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am