Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Աշխատանքային իրավունքի խախտման դեպքերն ավելի շատ նկատվում են շինարարության ոլորտում

Աշխատանքային իրավունքի խախտման դեպքերն ավելի շատ նկատվում են 
շինարարության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում աշխատանքային իրավունքի ոլորտում իրականացրել է 168 ստուգում։ 2023 թվականի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 135։ Այս տարի նշանակվել է 57 մլն դրամից ավելի տուգանք։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ  Վահագն Գրիգորյանը նշեց, որ  արձանագրված խախտումները ամենատարբեր բնույթի են։

«Աշխատանքային իրավունքի հետ կապված ավելի շատ օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձի չվճարումներն են, ամենամյա արձակուրդ չտրամադրելն է, առանց հիմքերի աշխատանքային պայմանները փոխելն է, վերջնահաշվարկ կատարելու կարգի հետ կապված խախտումներն են։ Քիչ չեն դեպքերը, երբ խախտումներ են արձանագրվում անվտանգության առնչությամբ։ Ասեմ, որ և՛ իրավունքի, և՛ անվտանգության մասով խախտումներն առավել հաճախ հանդիպում են շինարարության ոլորտում։ Արձանագրվում են դեպքեր, երբ ոչ բոլոր աշխատողներն են կրում անհատական պաշտպանիչ միջոցներ, բարձրության վրա միջհարկային աստիճանավանդակները կահավորված չեն լինում, աշխատողները սանիտարակենցաղային պայմաններով ապահովված չեն լինում և այլն»,-ասաց Վահագն Գրիգորյանը։ Ահա աշխատանքի ընթացքում այդ անվտանգային կանոնները չպահպանելու հետևանքով գրանցվում են դժբախտ դեպքեր։ Այս տարվա առաջին եռամսյակում արդեն մահվան 3 դեպք է գրանցվել։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում։ Մասնավորապես, նա որոշ դեպքերում տուգանքների չափը վերանայելու, ինչպես անհրաժեշտության դեպքում տնտեսվարողի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու կարիք է տեսնում։

«Դժբախտ դեպքերի պարագայում այսօրվա գործող տուգանքներ բավարար չեն։ Օրինակ, շինհրապարակում աշխատանքային պայմանները չեն պահպանվել ու դժբախտ դեպք է գրանցվել։ Պայմանները չպահպանելու համար տուգանքը կազմում է 130 հազար դրամ, ինչը կարծում եմ բավարար չէ։ Տեսչական մարմինը նախաձեռնում է նաև գործընթաց, որ հնարավոր լինի ժամանակավոր կասեցնել տնտեսվարողի գործունեությունը։  Արդեն այդ հարցերը քննարկել ենք օրենսդիրի հետ»,-ասաց Վահագն Գրիգորյանը։

Վահագն Գրիգորյանը նաև նշեց, որ նկատվում է քաղաքացիների ակտիվություն իրենք իրավունքների պաշտպանության առնչությամբ։ Գնալով ավելանում է քաղաքացիներից ստացված դիմումների թիվը։ Ըստ նրա՝ դա խոսում է տեսչական մարմնի նկատմամբ ունեցած վստահություն ունենալու մասին։ Քիչ չեն նաև գործատուների զանգերն ու նամակները։ Տեսչական մարմինն իր ռեսուրսներով փորձում է ապահովել անհրաժեշտ խորհրդատվություն ինչպես գործատուներին, այնպես էլ քաղաքացիներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am