Գյումրիի 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչներից է. ՀՀ պաշտպանության նախարար
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան երկրի անվտանգության կարևոր բաղկացուցիչներից է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է «Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ հենց Հայաստանն էր իր տարածքում ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի ժամկետի երկարաձգման նախաձեռնողը:
«Կարծում եմ՝ սա ռազմաքաղաքական ոլորտում մեր համագործակցության նշանակալի տարրերից է, և մենք կարծում ենք, որ բազան կարևոր զսպող գործոն է: Մենք Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչներից ենք համարում»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ ներկայումս ռազմաբազայի անձնակազմի թվի ավելացման հարց դրված չէ:
«Ինչ վերաբերում է բազայի անձնակազմի և սպառազինության տեսակների ավելացմանը. դա մարտավարության հարց է: Անհրաժեշտության դեպքում նման հարցերը հաշված ժամերի ընթացքում են լուծվում: Փառք Աստծո՝ դրա համար բոլոր ուժերն ու միջոցները կան: Անձնակազմի թվի ավելացումը երբեք չի կարող ինքնանպատակ լինել: Այն պետք է պատասխանի կոնկրետ իրավիճակում կոնկրետ մարտահրավերի»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում