Երևանյան բեսթսելեր 4/48. «Դորիան Գրեյի դիմանկարը» նորից ամենավաճառվածն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն մեկ հորիզոնականով վեր է բարձրացել և երկրորդն է: Այն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի լքում մեր ցանկը:
Երրորդ հորիզոնականում այս շաբաթ Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և չորրորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը հինգերորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ցանկ է վերադարձել և բեսթսելերների ցանկում վեցերորդ տեղը զբաղեցրել ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին», որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Կրկին մեզ հետ է Ջորջ Օրուելի «1984» վեպը: Այն յոթերորդ հորիզոնականում է: Լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Ութերորդ տեղում Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունն է: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
Իններորդ հորիզոնականում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» վեպը:
Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ, դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆոռնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +3 | ![]() |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ պրինտ | 55 |
2 | +1 | ![]() |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 50 |
3 | -1 | ![]() |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 49 |
4 | +2 | ![]() |
Ջոն Բոյն «Զոլավոր գիշերանոցով տղան» |
DirectMEDIA | 40 |
5 | +3 | ![]() |
Սպենսեր Ջոնսոն «Ու՞ր է իմ պանիրը» |
Էդիթ պրինտ | 35 |
6 | * | ![]() |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 15 |
7 | * | ![]() |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 12 |
8 | * | ![]() |
Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» |
Անտարես | 8 |
9 | * | ![]() |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ պրինտ | 7 |
10 | Նոր | ![]() |
Ջոն Ստայնբեք «Ցասման ողկույզները» |
Զանգակ | 5 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
- Երևանյան բեսթսելեր 5/3. «Տափաստանի գայլը», «Հաղթական կամար», «Ալքիմիկոսը»
գրքերն ամենավաճառվածների ցանկում են
- Երևանյան բեսթսելեր 5/2. «Երեք ընկեր», «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» գրքերն
ամենավաճառվածների աղյուսակում են
- Երևանյան բեսթսելեր 5/1. «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ», «Երկնքից երեք խնձոր
ընկավ» գրքերն ամենավաճառվածներից են
- «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» նախագծի մրցանակները գտան իրենց տերերին
- Երևանյան բեսթսելեր 4/103. «Մարգարեն», «Ալքիմիկոսը», «Տափաստանի գայլը» գրքերն
ամենավաճառվածներից են