Երևանյան բեսթսելեր 4/48. «Դորիան Գրեյի դիմանկարը» նորից ամենավաճառվածն է
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն մեկ հորիզոնականով վեր է բարձրացել և երկրորդն է: Այն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի լքում մեր ցանկը:
Երրորդ հորիզոնականում այս շաբաթ Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և չորրորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը հինգերորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ցանկ է վերադարձել և բեսթսելերների ցանկում վեցերորդ տեղը զբաղեցրել ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին», որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Կրկին մեզ հետ է Ջորջ Օրուելի «1984» վեպը: Այն յոթերորդ հորիզոնականում է: Լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Ութերորդ տեղում Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունն է: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
Իններորդ հորիզոնականում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» վեպը: Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ, դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆոռնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +3Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ պրինտ 55 2 +1Էդգար Հարությունյան
«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»
Անտարես 50 3 -1Ստեֆան Ցվայգ
«Ընտիր նովելներ»
Բուկինիստ 49 4 +2Ջոն Բոյն
«Զոլավոր գիշերանոցով տղան»
DirectMEDIA 40 5 +3Սպենսեր Ջոնսոն
«Ու՞ր է իմ պանիրը»
Էդիթ պրինտ 35 6 *Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Մեծն Գեթսբին»
Զանգակ 15 7 *Ջորջ Օրուել
«1984»
Անտարես 12 8 *Հերման Հեսսե
«Տափաստանի գայլը»
Անտարես 8 9 *Ջոն Գրին
«Աստղերն են մեղավոր»
Էդիթ պրինտ 7 10 ՆորՋոն Ստայնբեք
«Ցասման ողկույզները»
Զանգակ 5«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024
- Գեղարքունիքի մարզպետը հերքել է Վարդենիսը դատարկելու լուրերը