Երևանի մնջախաղի պետական թատրոնն արդեն իր շենքն ունի
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երևանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու համար շենք տրամադրեց: Այս մասին նախարարը հայտարարեց փետրվարի 15-ին` լրագրողների հետ հանդիպմանը:
«Ազգային գրապալատը միացավ Ազգային գրադարանին, և մենք որոշեցինք գրապալատի տարածքը տրամադրել Երևանի մնջախաղի պետական թատրոնին, որը տարիներ շարունակ չի ունեցել իր սեփական շենքը: Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով այս տարվա ընթացքում կիրականացվեն շինարարության նախագծման աշխատանքներ, քանի որ շենքի պայմանները թատրոնին հարմարեցված չեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:
Նրա խոսքով` ներդրումները կատարելու է պետությունը, և իրենք այս քայլով քաղաքի համար նոր որակ և նոր մշակութային մթնոլորտ կապահովեն:
Անդրադառնալով Ազգային գրապալատին` Արմեն Ամիրյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այն միանում է Ազգային գրադարանին` պահպանելով իր գործառույթները, անվանումը: «Բոլոր աշխատակիցները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները, հավելյալ թվայնացման գործընթացը»,-նշեց Ամիրյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ընդգծեց, որ քսան տարի բարձրացրել է թատրոնի շենքի խնդիրը և չէր կարող ենթադրել, որ մի քանի ամսվա ընթացքում այն լուծում կստանա:
«Այս տարածքը բավարար է մեր բոլոր ծրագրերն իրականացնելու համար: Փորձասենյակներ կունենանք, որտեղ խուլերի ստուդիան կկարողանա փորձեր անել»,-ասաց Դադասյանը և հավելեց, որ շենքում մեծ է գրքի էներգետիկան, ուստի իրենց առաջին բեմադրությունը նոր շենքում գրքի մասին կլինի, իսկ գրապալատի աշխատակիցները մշտական հրավիրատոմսեր կունենան:
Երևանի մնջախաղի պետական թատրոնը ստեղծվել է1974թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել1983-ին:
Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում ենԵրևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։
Երկու տարին մեկԾաղկաձորումկազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն՝ՀՀմշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից։2010 թվականին փառատոնը կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով։ Իսկ2012-ին փառատոնի ընթացքում Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը։