Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանը չի բացառում ԵԽԽՎ եվրոպացի պատգամավորների կողմից Ագրամունտին անվստահություն հայտնելու հնարավորությունը

Նաիրա Զոհրաբյանը չի բացառում ԵԽԽՎ եվրոպացի պատգամավորների կողմից 
Ագրամունտին անվստահություն հայտնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ադրբեջանական քաղաքացիական հասարակության 30 ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը, ըստ որի՝ ԵԽԽՎ-ին կոչ է արվել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, ոչ մի ազդեցություն չի ունենա: 

Նրա խոսքով՝ մինչ այս դեպքն էլ եղել են բազմաթիվ հայտարարություններ՝ ուղղված Եվրոպայի խորհրդին, որի ղեկավարությունը դրանք հաշվի չի առել: «Այդ նույն կոռուպցիոն սկանդալի մեջ շոշափվում է նաեւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտի անունը: Միլանի դատախազությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի նկատմամբ քրեական գործ է հարուցել կոռուպցիոն սկանդալում ներգրավված լինելու համար, եւ նա համաձայնել է համագործակցել եւ տվել է Ագրամունտի անունը: Մեր հավաստի տեղեկություններով՝ իր ցուցմունքներում Վոլոնտեն նաեւ տվել է Լիբերալ դեմոկրատների խմբի ղեկավար Ջորդի Խուգլա Կոստայի անունը, այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն ամբողջ սխեման արդեն իսկ բացահայտված է: Ավելին ասեմ, ոչ միայն Ադրբեջանի քաղհասարակությունը, այլեւ, մեր տեղեկություններով,  նաեւ եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ առաջիկա հունվարյան նստաշրջանում  բարձրացնելու են Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը: Կարծում եմ՝ այս նստաշրջանին ինչ-որ զարգացումների ականատեսը կլինենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ դեռեւս հայտնի չէ, թե հայկական պատվիրակությունը ինչ կազմով հանդես կգա առաջիկա նստաշրջանին: «Հայաստանն իր անելիքները գիտի, նախապատրաստվում ենք:  Դեռ նախընտրական փուլն է, սակայն վստահ եմ՝ ինչ կազմով էլ լինի, պատշաճ կերպով մեր քայլերը կներկայացնենք»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:  

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կկայանա հունվարի 23-27-ը: Ավելի վաղ ադրբեջանական խավիարային դիվանագիտության մասին հայտնի էր դարձել Միլանի դատախազությունում ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում:  Այդ մասին 2016 թվականին «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» խորագիրը կրող զեկույց  էր հրապարակել «Կայունության եվրոպական նախաձեռնություն»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am