Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Պեպոն» կրկին մայր թատրոնի բեմում է

«Պեպոն» կրկին մայր թատրոնի բեմում է

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պեպո» ներկայացման առաջնախաղով դեկտեմբերի 13-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգման աշխատանքներից հետո իր դռները բացեց թատերասեր հանրության առաջ: «Թատրոնն 94-րդ թատերաշրջանը բացում է նոր, 21-րդ դարին համապատասխան տեխնիկայով վերազինված, ինչի համար շնորհակալ ենք  երկրի ղեկավարությանը: «Պեպոն» բավականին բարդ ստեղծագործություն է, բայց մենք համարձակություն ունեցանք բեմադրել այն: Չեմ կարող ասել, որ այս ներկայացումն այն «Պեպոն» է, որը հանրությունը տեսել է կինոյում կամ Աճեմյանի բեմադրությամբ: Սա մեր ժամանակի «Պեպոն» է, որում  օգտագործվել են Սունդուկյանի ստեղծագործություններից տարբեր նյութեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց բեմադրության ռեժիսոր Արմեն էլբակյանը:

Ներկայացման մեջ մեծահարուստ Արութին Զիմզիմովին մարմնավորած Արմեն Մարությանն ընդգծեց, որ չնայած 48 տարի բեմում է, պրեմիերայից առաջ հուզվում է: «Տարիների ընթացքում, իհարկե, ինքնավստահ ես դառնում, երբեմն դիմում իմպրովիզի, չնայած, երբ Չառլի Չապլինին հարցրել են, թե իմպրովիզը լավ բա՞ն է, նա պատասխանել է, որ 100 անգամ փորձած իմպրովիզն` այո: Կարծում եմ՝ ներկայացումը ստացված է»,-ասաց դերասանը:

«Դերասանի հիմնական նպատակն այն է, որ հանդիսատեսը հասկանա իրեն, ըստ արժանվույն գնահատի: Երբ տեսնում ես, որ ասելիքդ հասել է, ընկալվել է, լողում ես բաց ծովում»,-շեշտեց Պեպոյի դերակատար Տիգրան Ներսիսյանը և հավելեց, որ ներկայացման համար կարվել են հատուկ զգեստներ, որոնք համապատասխանում եմ տվյալ ժամանակաշրջանին:

«Պեպո» ներկայացման պրեմիերային ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, դերասաններ, արվեստի բնագավառի տարբեր գործիչներ:

«Լավ տրամադրությամբ եմ գալիս պրեմիերաների: Կարծում եմ՝ Էլբակյանի բեմադրությունը նոր հնչեղություն կունենա, իսկ վերազիված բեմը կարող է նպաստել դրան, սակայն առաջնայինը հետաքրքիր գրական ստեղծագործություններն են և բարձրակարգ դերասանական խաղը»,-նշեց դերասան Արա Դեղտրիկյանը:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին` Երևանում, Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ` որպես առաջին պետական թատրոն: 1937 թվականին թատրոնն անվանակոչվում է հայ դրամատուրգ և արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անվամբ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]