Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու զինծառայողների հատուցման նախագծին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու զինծառայողների հատուցման նախագծին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված ընտանիքների հատուցման հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ նախագծով հնարավորություն է ստեղծվում զինծառայողների սոցիալական խնդիրը դնել ինստիտուցիոնալ լուծման հիմքի վրա: «Սա նախագիծ է, որը կազատի վիրավորված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքի անդամներին պետական մարմինների կամ օլիգարխների դռների առաջ ժամեր ու օրեր անցկացնելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ զոհված զինծառայողի ընտանիքը չպետք է մնա որևէ մեկի բարեգործության հույսին: Պատգամավորի խոսքով՝ դա նվաստացուցիչ է զինծառայողի ընտանիքի համար: «Մենք այս 1000 դրամները չենք տալիս իշխանությանը, մենք դա տալիս ենք բանակին»,- ասաց Փաշինյանը:

Պատգամավորը հավելեց, որ բանակը կարեկցանքի ու հանգանակության, բարեգործության սուբյեկտ չէ, զոհված զինծառայողի ընտանիքը չպետք է կարեկցանքի ու բարեգործության սուբյեկտ լինի: «Իհարկե, ապրիլյան պատերազմի օրերին շատ մարդիկ շատ միջոցներ ուղարկեցին բանակ, սակայն այդ ամենը պետք է կազմակերպված լինի: Ես կողմ եմ քվեարկելու այս նախագծին, և ոչինչ չի ստիպի ինձ կողմ չքվեարկել»,- եզրափակեց պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում