Հասարակական

Հայաստանում մահացության պատճառների շարքում առաջին տեղում արյան շրջանառության խանգարումներն են, չարորակ նորագոյացությունները

8 րոպեի ընթերցում

Հայաստանում մահացության պատճառների շարքում առաջին տեղում արյան շրջանառության խանգարումներն են, չարորակ նորագոյացությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում մահացության պատճառների ցանկը գրեթե մնում է անփոփոխ. արյան շրջանառության խանգարումները, չարորակ նորագոյացությունները, շնչառական, էնդոկրին համակարգի հիվանդությունները շարունակում են մնալ մահացության ամենահիմնական պատճառները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015-ին արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշը թեև նախորդ տարվա համեմատ նվազել է, սակայն այն դեռևս պատճառ է դարձել 12 հազար 817 մարդու մահվան: Մահացության պատճառների շարքում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն ունեն չարորակ նորագոյացությունները՝ 6069 մարդ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 384-ով, ապա`շնչառական օրգանների հիվանդությունները՝ 2126 մարդ՝ նախորդ տարվա համեմատ ավելացել է 264-ով: Էնդոկրին համակարգի հիվանդություններից մահացել է 1323 մարդ, նրանցից շաքարախտից մահացածների թիվը 1276-ն է, որը նախորդի համեմատ ավելացել է 85-ով:

Քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսերի գլխավոր բժիշկ Անուշ Բունիաթյանի խոսքերով՝ էնդոկրին համակարգի հիվանդություններից ամենատարածվածը շաքարային դիաբետն է, որով հիվանդների թիվն այս տարի միայն մայրաքաղաքում 28 հազար է: Մահվան հիմնական պատճառը բարդություններն են, որոնցից գլխավորը սրտանոթային համակարգի հիվանդություններն են. ասվածը վերաբերվում է երկրորդ տիպի դիաբետին: «Հիվանդությունից մահացության թիվն աճում է տարեցտարի, սակայն դրա կանխարգելման համար դիսպանսերն իրականացնում է ծրագրեր՝առաջինը սկրինինգային ծրագիրն է՝ անկախ նրանից, թե մարդն ինչ պաթոլոգիայով է գալիս՝օրինակ գերքաշ, անցնում է սկրինիգային ծրագիր՝ և վահանաձև գեղձի,և դիաբետի»,- ասում է Քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսերի գլխավոր բժիշկը:

Կանխարգելմանն ուղղված միջոցառումներից է նաև դիսպանսերի կողմից ամիսը երեք անգամ իրականացվող դպրոցը, որն ուսուցողական միջազգային ծրագիր է՝ մշակված International Diabetes Federation-ի կողմից: Այն ունի հատուկ մշակված քարտեր, ուսուցումն իրականացնում են վերապատրաստում անցած բժիշկները, ծրագիրը հիվանդների հետ անցկացնելու համար պետք է համապատասխան որակավորում ստանալ:

Էնդոկրինոլոգի խոսքով՝ նման ծրագրերը բարձրացնում են հիվանդների գիտակցությունը. հիվանդը լիովին հասկանում է հիվանդությունը, հստակ գիտի՝ երբ կողքին չկա բժիշկ՝ ինչ պետք է անի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ քաղցկեղների մոտավորապես 33 տոկոսի պատճառը սնունդն է, երկրորդը՝ մոտ 30%՝ ծխախոտը, 3-րդ տեղում ինֆեկցիաներն են, ժառանգականությունը և այլ գործոններ:

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մասնագետ Ստեփան Աթոյանի պնդմամբ՝ հակառակ ընդունված թյուր կարծիքին՝ քաղցկեղը միշտ չէ,որ ժառանգական է: Ժառանգաբար փոխանցվող քաղցկեղը երբեմն հետևողականությամբ կարելի է կանխարգելել, այդ առումով կարևոր է գենետիկական ախտորոշումը. եթե նախնիների մոտ եղել է քաղցկեղային հիվանդություն, պետք է անցնել կլինիկական հետազոտություն, եթե հարկ կա, ապա նաև գենետիկական հետազոտություն՝ գնահատելու գենետիկ ռիսկը: Բժիշկը բերեց Անջելինա Ջոլիի օրինակը, ով, իմանալով, որ իր մոր և մորաքրոջ մոտ եղել է համապատասխան մուտացիան, որը նախատրամադրում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի առաջացմանը, հեռացրեց կրծքագեղձերը և ձվարանները, որը լավագույն կանխարգելիչ միջոցն էր: «Սակայն դեպքերի ճնշող մեծամասնությունում մենք ունենք ձեռքբերովի քաղցկեղ և միայն 5-10% դեպքերում է լինում ժառանգական»,-եզրափակում է բժիշկը:

Մուրացան համալսարանական հիվանդանոցի քիմիոթերապիայի կլինիկայի մասնագետ Լիանա Սաֆարյանի խոսքերով՝ Հայաստանում տղամարդկանց մոտ քաղցկեղով հիվանդացության առաջին տեղում թոքի քաղցկեղն է, որը 43% և ավելի դեպքերում ծխելու արդյունք է, 2-րդ տեղում միզապարկի քաղցկեղն է, 3-րդը՝ պրոստատ, 4-րդ տեղում է ստամոքսի, 5-ում՝ աղիների քաղցկեղը, կանանց դեպքում բարձր մահացություն ունի կրծքագեղձի քաղցկեղը, այնուհետև արգանդի, աղիների, թոքի քաղցկեղները:

«Հաճախ թե հիվանդներին, թե բժիշկներին անհանգստացնող խնդիր է դեղորայքի հասանելիությունն ու արժեքը: Զարգացած շատ երկրներում չկա այս խնդիրը, քանի որ պետությունը հոգում է թանկ դեղորայքի ծախսը, բայց Հայաստանում պետության կողմից մասամբ է ֆինանսավորում իրականացվում է ըստ բյուջեի սահմանած կարգի՝ բոլոր կարգ ունեցող հիվանդները ստանում են 60 հազար դրամ օգնություն քիմիոթերապիայի համար, սակայն 60 հազար դրամով հնարավոր է միայն բազային քիմիոթերապիա, թանկարժեք քիմիոթերապիայի համար, ցավոք, դեռ չկա այդ հնարավորությունը, իսկ երեխաների համար կան տարբեր հիմնադրամներ, որոնք հոգում են բոլոր ծախսերը»,-ասում է մեր զրուցակիցը:

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան Արթուր Ավետիսյանն ասում է, որ Հայաստանում քաղցկեղից մահացությունն աճում է հիվանդացության հետ զուգահեռ: Մահացության նվազման միտումով կարող են պարծենալ զարգացած եզակի երկրներ՝ այն էլ եզակի պաթոլոգիաների դեպքում՝ հանձին կրծքագեղձի քաղցկեղի:

Ի դեպ, Հայաստանում ևս հիվանդացության համեմատաբար մեծ թվով նվազման միտում նկատվում է կրծքագեղձի չարորակ քաղցկեղի պարագայում. ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրական տարեգրքի՝ 2015-ին 45-50 տարեկան կանանց շրջանում եղել է կրծքագեղձի չարորակ քաղցկեղով 254 հիվանդ, որը նախորդ տարվա համեմատ նվազել էր 55-ով, 55-59 տարեկան կանանց շրջանում նվազել է 28-ով, 60-64 տարեկանների շրջանում՝ 27-ով:

Սրտաբան, թերապևտ Գոհար Մնացականյանի խոսքով՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները գրեթե բոլոր երկրներում առաջին տեղում են, մեզ մոտ հիմնականում կախված են կլիմայական, կենցաղային պայմաններից, սթրեսից և սննդից: Ըստ թերապևտի՝ երկրի ցածր զարգացվածության մակարդակը, աղքատությունը նպաստավոր պայմաններ են սրտանոթային հիվանդությունների առաջացման համար: Սակայն համեմատելով մյուս տարիների հետ՝ մեր զրուցակիցն ասաց.«Ներկայումս այս հիվանդությամբ մարդկանց կյանքը շատ ենք երկարացնում, իրականցվում են սրտի ստենտավորումներ, որոնք 10-20 տարով երկարացնում են մարդկանց կյանքը, հակաինֆարկտային բուժումները հիմա ավելի արդյունավետ են: 10-15 տարի առաջ մահացությունը շատ ավելի մեծ տոկոս էր կազմում, մահացության, հիվանդացության թիվը նվազել է՝ նաև շնորհիվ հասարակության ինֆորմացվածության, գրագիտության շնորհիվ»:

Սակայն հիվանդությունը, այսպես ասած, երիտասարդացել է. եթե նախկինում սրտանոթային հիվանդությունները հանդիպում էին հիմնականում 40-ն անց տղամարդկանց մոտ, հիմա ոչ մեծ թվով, բայց հանդիպում են նաև 20-25 տարեկանների մոտ: Թե ինչու առավել շատ տղամարդկանց մոտ՝ պատճառներն ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական են՝տղամարդկանց հոգսը, սթրեսները հաճախ ավելի մեծ են լինում:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում