Հայաստանը նրա համար անհրաժեշտություն էր դարձել
9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 20-ին լրացավ հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկի՝ ռուս բանաստեղծ Միխայիլ Դուդինի ծննդյան 100-ամյակը։ Մենք՝ հայերս, երախտապարտ ենք մեծ գրողին ոչ միայն այն բանի համար, որ նա ռուսերեն է հնչեցրել Ավետիք Իսահակյանին ու Վահան Տերյանին, Եղիշե Չարենցին ու Համո Սահյանին, Սիլվա Կապուտիկյանին ու Գևորգ Էմինին, էսսեներ է նվիրել մի շարք հայ մտավորականների, այդ թվում՝ Իսահակյանին ու Չարենցին, Ջոտտոյին ու Պարույր Սևակին,Սիլվա Կապուտիկյանին ու Համո Սահյանին, Սերո Խանզադյանին ու Լևոն Մկրտչյանին և այլ հայ գործիչների, այլև այն բանի համար, որ քանիցս կրկնել է. «Հայաստանն ինձ համար անհրաժեշտություն է դարձել», Հայաստանն ու հայ մարդուն սիրելը նրա համար դարձել է կենսակերպ։
Միխայիլ Դուդինն ըստ արժանվույն դասվում է հայ ժողովրդի լավագույն բարեկամների շարքը, այնպիսի մարդկանց կողքը, ինչպիսիք են Ջորջ Բայրոնն ու Ֆրիտյոֆ Նանսենը, Անատոլ Ֆրանսն ու Ֆրանց Վերֆելը, Վալերի Բրյուսովն ու Ալեքսանդր Բլոկը, Իոսեբ Գրիշաշվիլին ու Օսիպ Մանդելշտամը, Պեյո Յավորովն ու Պավլո Տիչինան, էլի շատ ու շատ մեծ մտավորականներ։
Թվարկածս օտարազգի գրողներից ու հասարակական գործիչներից յուրաքանչյուրը Հայաստանին սիրահարվելու, հայ մշակույթն ու պատմությունը բարձր գնահատելու իր դրդապատճառն է ունեցել։ Մեկը մեսրոպատառ հայերենն ուսումնասիրելուց հետո է «զինվորագրվել» հայ ժողովրդի նվիրյալների բանակին, մյուսը՝ գթասրտությունից դրդված է սիրել հայերին ու սատարել նրանց, երրորդը՝ միջնադարյան հայ մշակույթի գոհարներին ծանոթանալուց հետո, մեկ ուրիշը՝ Հայաստանի չքնաղ բնությանն ու հայերի հյուրասիրությանը ծանոթանալու արդյունքում է դարձել հայասեր։ Ես հասկանում եմ այդ մարդկանց ու ինքս էլ սիրում եմ նրանց։ Իսկ ինչպե՞ս է Միխայիլ Դուդինը սիրահարվել Հայաստանին… Երևի, դրա ակունքները գալիս են Հայրենական պատերազմի օրերից։ Ասենք, որ Դուդինը կռվել է Լենինգրադում, որտեղ գրեթե կուռքի աստիճանի հարգանք էր վայելում հայազգի գեներալ Բենիամին Գալստյանը, ում մահը սգում էին ոչ միայն Լենինգրադի ռազմաճակատի ողջ հրամկազմն ու զինվորները, այլև տևական պաշարման մեջ եղած շարքային լենինգրադցիները։ Բացի դրանից, կասկածում եմ, որ Միխայիլ Դուդինը հայերին սիրելու ևս մեկ պատճառ է ունեցել։ Ասածս հիմնավորելու համար կուզենայի ընթերցողին հիշեցնել մի լուսանկարի պատմություն, որը շարադրել եմ իմ գրքերից մեկում։
… 1942 թվականի ուշ աշուն։ Պաշարված Լենինգրադի դաշտային հոսպիտալներից մեկում վիրահատում են առաջավոր գծից հենց նոր բերված երիտասարդ մի ռուս սպայի, ում «այն աշխարհից» ետ է բերում Լենինգրադի ռազմաճակատում մեծ համբավ ունեցող Սոֆյա և Ռուզաննա Լալայան բժիշկ քույրերից կրտսերը՝ բժշկական ծառայության ավագ լեյտենանտ Ռուզաննա Լալայանը։ Բժշկուհին, բնական է, չէր հիշում իր հիվանդին, քանզի պատերազմի տարիներին վիրահատել էր տասնյակ հազարավոր զինվորների ու սպաների։ Իսկ վիրավորը չէր մոռանում իրեն փրկող բժշկուհուն։ Հիշում էր նրա դեմքը, գեղեցիկ դիմագծերը, հիշում էր, որ նա հայուհի էր։ Բայց մոռացել էր այդ գեղեցիկ կնոջ անունը, ազգանունը։ Այդ երիտասարդ ռուս սպան հետագայում դառնում է խորհրդային լավագույն բանաստեղծներից մեկը, արժանանում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկրի կոչումների։ Այդ բանաստեղծը Միխայիլ Դուդինն էր։
Հռչակավոր բանաստեղծը, որ մինչ այդ եղել էր շատ երկրներում, 1975 թվականին առաջին անգամ այցելում է Հայաստան և … սիրահարվում Նաիրի երկրին, նրա չքնաղ բնությանը, պատմությանն ու գրականությանը։
Հենց այդ օրվանից էլ Հայաստանը նրա համար դառնում է ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ։ Նրա այցելությունները Հայաստան հաճախակիանում են, նա մտերմանում է իր ժամանակակից հայ բանաստեղծների ու գրականագետների հետ։
Բայց հայ վիրաբույժին գտնելու միտքը նրան հանգիստ չի տալիս։ Մի անգամ այդ մասին պատմում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին։ Վերջինս ճանաչում էր անվանի բժիշկ, Լենինգրադի բլոկադայի մասնակից, բժշկագիտության թեկնածու Ռուզաննա Լալայանին: Նա անմիջապես իր մոտ է հրավիրում Ռուզաննա Լալայանին։ Երբ վերջինս ներս է մտնում Դեմիրճյանի մոտ, նրա աշխատասենյակում ներկա գտնվող սպիտակահեր, բարձրահասակ անծանոթը անմիջապես ոտքի է կանգնում, մոտենում է այդ փոքրամարմին տիկնոջը, գրկախառնվում , համբուրում նրա ձեռքերը և, դիմելով Կարեն Դեմիրճյանին, ասում է.
-Ես գտա իմ պահապան հրեշտակին, իմ փրկարարին։
Այդ պահին Դեմիրճյանը խնդրում է հրավիրել «Արմենպրես»-ի լուսանկարիչ Մարտին Շահբազյանին և խնդրում «անմահացնել» Դուդինի և Լալայանի հանդիպման պահը… Ռուս մեծ բանաստեղծի և անվանի հայ բժշկուհու լուսանկարը ես տեսել եմ Ռուզաննա Լալայանի ընտանեկան ալբոմում։
… Քանիցս բախտ եմ ունեցել հանդիպելու ռուս մեծ բանաստեղծին, երբ նա տարբեր առիթներով լինում էր Հայաստանում։ Հիշում եմ, թե ինչպիսի սիրով հայ ընթերցողն ընդունեց Միխայիլ Դուդինի «Ավետյաց երկիր» ժողովածուն, որը լույս էր տեսել Երևանում 1989 թվականին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարին դեռ չլրացած։ Բանն այն էր, որ Դուդինը երկրաշարժից անմիջապես հետո արձագանքել էր արհավիրքին և… որպես սպեղանի՝ հայ ժողովրդին ձոնել իր «Ավետյաց երկիր» ժողովածուն։ Նրանում տեղ են գտել Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի գործերի իր բազմաթիվ թարգմանությունները։ Այդ նույն ժողովածուում ներառված են էսսեներ՝ նվիրված մեր մի շարք անվանիների ու նաև մեծն Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության հեղինակ Նաում Գրեբնյովին, «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելին, հայ ժողովրդի բարեկամ այլ գործիչների։
Դուդինի գրքի առաջաբանը գրել է նրա մեծ բարեկամ Համո Սահյանը. «…Երկու տարի առաջ ես նրա հետ եղա Եղեգնաձորում։-Մասնավորապես գրում է Սահյանը:- Հայ ընթերցող հասարակայնությանը Դուդինին ներկայացնելու հարկ չեղավ։ Միայն նրա անունը բավական էր դահլիճը հուզմունքի աստիճանի ալեկոծելու համար։ Հիշարժան է Դուդինի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ռուսերեն թարգմանության առաջաբանը, ինչպես նաև Հայաստանի լավագույն զավակներին նվիրված գրական-հրապարակախոսական հոդվածներն ու ակնարկները…»։
Միխայիլ Դուդինն իր «Ավետյաց երկիր» ժողովածուի համար հասանելիք ողջ հոնորարը փոխանցեց Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնության հիմնադրամին։ Նրա օրինակին հետևեցին նաև «Խորհրդային գրող» հրատարակչությունը և «Հայգիրք» կազմակերպությունը։ Հեղինակի խնդրանքով այդ գումարը հատկացվելու էր Սպիտակի շրջանում որևէ միջնակարգ դպրոցի շինարարությանը։
Դուդինի ժողովածուում, վերը նշված հայ հեղինակների գործերի թարգմանությունների կողքին, տեղ են գտել նաև ռուս բանաստեղծի մի շարք գործեր՝ նվիրված Հայաստանին, հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներին։ Մասնավորապես, Միխայիլ Դուդինը բանաստեղծություն է ձոնել աշխարհահռչակ Վիկտոր Համբարձումյանին, Սիլվա Կապուտիկյանին, Համո Սահյանին, գրականագետ, հայ-ռուսական գրական կապերի անխոնջ մշակ Լևոն Մկրտչյանին, գրող Ռաֆայել Արամյանին, կուսակցական գործիչ Հենրիկ Պողոսյանին, ով առանձնապես աչքի ընկավ Ղարաբաղյան շարժման առաջին օրերին։ Մի բանաստեղծություն էլ Դուդինը նվիրել է սումգայիթյան ջարդերի զոհերին։
… Հայ ժողովուրդը խոր սիրո ու հարգանքի զգացում է տածում Հայաստանի մեծագույն բարեկամներից մեկի՝ Միխայիլ Դուդինի նկատմամբ, մի մարդու, ում համար Հայաստանը եղել է անհրաժեշտություն…
Լևոն Ազրոյան