Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Պետական ծառայությունների մատուցումն ավելի մոտ կլինի ՀՀ քաղաքացիներին. բացվեցին միասնական գրասենյակներ

 Պետական ծառայությունների մատուցումն ավելի մոտ կլինի ՀՀ քաղաքացիներին. բացվեցին 
միասնական գրասենյակներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ» և «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերություններն այսուհետ իրականացնելու են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արդարադատության նախարարությունն ազդարարեց կառավարության որոշմամբ սահմանված օպերատորների հետ համատեղ պետական ծառայությունների մատուցման միասնական չորս գրասենյակների գործարկումը:

Նոյեմբերի 18-ից ՀՀ քաղաքացիները կարող են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների ստացման, շարժական գույքի հետ կապված տեղեկանքների տրամադրման ծառայություններ ստանալ ոչ միայն համապատասխան տեղական մարմիններում, այլ նաև նշված սպասարկման գրասենյակներում: Վերջիններիս ծառայությունների սպասարկման մեկնարկը տրվեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ: Նախարարի ներկայացմամբ, ծրագրի սկիզբը տրվել էր վարչապետի կողմից կառավարության վերջին նիստերից մեկում հնչեցված հանձնարարականով, մասնավորապես այնպես անել, որ պետության գործառույթները հնարավորինս մոտ լինեն ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նա ռեսուրսներ, ջանքեր, գումար, ճանապարհ հնարավորիս քիչ ծախսի պետական իշխանական որևէ գործառույթ ստանալու համար:

«Հնարավորություն ենք ընձեռել, որպեսզի օպերատորները ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ այս կամ այն գործառույթն իրականացնելու համար ընդունեն դիմումներ և քաղաքացուն տան պատրաստի արդյունք: Գաղափարը հետևյալն է` մենք սկսել ենք հինգ տարբեր ծառայություններից, որոնք, մեր գնահատմամբ, առավել տարածված են և քաղաքացիների կողմից առավել պահանջարկված: Առաջին հերթին, դրանք վերաբերում են բիզնես միջավայրի համար անհրաժեշտ պետական ռեգիստրում ԱՁ, ՍՊԸ գրանցելու և իրավաբանական անձի հաշվառման վերաբերյալ տեղեկանք ստանալու գործառույթներին: Երկրորդ գործառույթը կադաստրի հետ կապված` տեղեկանքներն են` սեփականության իրավունքի գրանցում, գրավի  գրանցում և այլն: Այս նախաձեռնության միջոցով թույլ ենք տալիս, որպեսզի քաղաքացին դիմումը գրի իրեն հարմար վայրում և ստանա այդ տեղեկանքը»,- նշեց նախարարը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով` ամենակարևոր գործառույթներից են ամուսնության բացակայութան, ընտանեկան կարգավիճակի կամ չդատվածության վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը, որոնց վերաբերյալ կառավարության նիստում այսօր որոշում ընդունվեց:

«Օրեր անց` այս որոշումն ուժի մտնելուց հետո, «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիները կարող են դիմել կամ Արդարադատության նախարարություն կամ միասնական օպերատորներից որևէ մեկին, որը իրենց հարմար կլինի, և նրանք կընդունեն դիմումը ու քաղաքացուն կվերադարձնեն թարգմանված, ապոստիլով հաստատված ընտանեկան կարգավիճակի տեղեկանքը: Նախարարությունն ինքը կկատարի բոլոր հարցումներն ու բոլոր գործառույթները և քաղաքացուն կտա պատրաստի արդյունք»,- շեշտեց նախարարը:

Նա նաև հավելեց, որ ծրագիրը լինելու է շարունակական, ընդ որում` այն չի լինելու միայն գործառույթների քանակի մեջ, այլ նաև առաջնային խնդիրներից մեկն է լինելու գրասենյակը. մինչև տարեվերջ մարզերում գրասենյակների բացումը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի, Գևորգ Պերկուպերկյանի

«Կոնվերս բանկի» ներկայացուցիչ Բաբկեն Հակոբյանի ներկայացմամբ` իրենց գրասենյակում գործառույթների շրջանակն ընդլայնվելու է, ինչպես նաև ներկայացնելու են Հայաստանի տարբեր մարզերի իրենց մասնաճյուղերում:  «Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք նման ծրագրի մասնակից և մեր սպասարկման բարձր որականերն, անշուշտ, կիրառելու ենք նաև այս ոլորտում և նպատակ ունենք ավելի կատարելագործվելու: Մենք սիրով մեզ վրա ենք վերցնում տվյալ գործառույթների իրականացումը և ներգրավելու ենք լրացուցիչ մասնագետներ, որպեսզի հաճախորդների սպասարկումն ընթանա հնարավորինս արդյունավետ»,- ասաց նա:

«Կոնվերս Բանկ»-ի մասնաճյուղում Վահագն Մխիթարյանը, ով ընկերության տնօրեն է, հենց տեղում հաշված րոպեների ընթացքում կարողացավ ստանալ իր ընկերության մասին միասնական տեղեկանք:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ողջունելով ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարության նախաձեռնությունը, նշեց, որ  վերջին տարիներին իրենք պատրաստվել էին այս կարևոր քայլին: «Մեզ համար շատ կարևոր է սոցիալական ներառումը: Այս նախաձեռնությունը կնպաստի դրա իրականացմանը»,-նշեց նա:

Քաղաքացիներից մեկը ներկայացել էր «Հայփոստի» բաժանմունք` դատապարտված չլինելու մասին տեղեկանք ստանալու համար: Նման տեղեկանքները տրամադրում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, սակայն այժմ այն հասանելի է նաև սահմանված օպերատորների բաժանմունքներում: Քաղաքացին տեղեկանք ստանալու դիմումը գրել էր մոտ հինգ օր առաջ, իսկ այսօր մոտեցել էր այն բաժանմունք, որն առավել մոտ ու հարմար է իրեն և ստացել իր տեղեկանքը: Դրա համար նրան հարկավոր էր եղել անձնագիր:

«Ամերիաբանկ»-ի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով` այս նախաձեռնությունը քաղաքացիներին հնարավորություն է տալու մեկ կետում իրականացնել մի շարք գործողություններ: «Այս գրասենյակներում քաղաքացին կարող է օգտվել պետական ռեգիստրի, անշարժ գույքի կադաստրի ծառայություններից: Կարծում եմ` սա հնարավորություն կտա մեզ բարելավելու ծառայությունների որակը, որը բանկի հիմնական խնդիրներից մեկն է»,-նշեց Բարսեղյանը:

«Ամերիաբանկ»-ում հաշված րոպեների ընթացքում Տաթևիկ Մխիթարյանը կարողացավ ԱՁ բացել: «Այս ծառայությունն արդյունավետ է դարձնում ամբողջ գործընթացը, քանի որ պետռեգիստրում գրանցվելու ժամանակ ես նաև պետք է վճարում կատարեի բանկում, իսկ այս նախաձեռնության շնորհիվ երկու գործընթաց մեկ պատուհանի միջոցով իրականացրեցի, որն, ըստ իս, ժամանակի խնայողություն է»,- ասաց հաճախորդը: 

«Արդշինբանկ»-ում քաղաքացուն տրամադրվեց կադաստրային միասնական տեղեկանք` նույնպես րոպեների ընթացքում:

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ նշանը ցույց է տալիս, որ այդ տարածքում մատուցվում են ծառայությունները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]