Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում տասն ամիսներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 96 դատապարտյալ

Հայաստանում տասն ամիսներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 96 
դատապարտյալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 96 դատապարտյալ։ ՀՀ արդարադատության նախարարության կողմից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգում մշակվում են նախագծեր, որոնց արդյունքում իրականացվելու են մի շարք բարեփոխումներ: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

-Պարոն Քրմոյան, ի՞նչ բարեփոխումներ են իրականացվում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգում: 

-Ներկայում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ։

Նախատեսված է ստեղծել պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովների  գործառույթների հստակ տարանջատման մեխանիզմ, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարդեցված կառուցվածքի պարզեցում, որի արդյունքում առաջարկվում է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման որոշման կայացման հարցում երկու օղակների առկայություն՝ անկախ հանձնաժողով և դատարան:

Պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման ընթացքում հաշվի են առնվելու հստակ ու իրական չափանիշներ և՛ դատարանի և՛ անկախ հանձնաժողովի կողմից:

Վերապահվելու է դատապարտյալի մի շարք իրավունքները, որոնք ուղղված են դատապարտյալին վերաբերող որոշման կայացմանը ներկա գտնվելուն, լսված լինելուն և իր պաշտպանությունն իրականացնելուն:

-ՀՀ-ում 2016 թվականին ընդունվեց «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը: Ի՞նչ ազդեցություն կունենա այն քրեական արդարադատության տեսանկյունից:

-«Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը կարևոր քայլ է հանդիսանում պրոբացիայի շահառուին ուղղելու և նրան հասարակություն վերաինտեգրելու տեսանկյունից։ Պրոբացիան նպատակ ունի կանխել քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագիծը ու ապահովել դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

Այս օրենքը նպատակ է ծառայելու նաև վերականգնել սոցիալական արդարությունը հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին, իսկ անչափահասների շահառուների նկատմամբ ապահովել ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացումը, նրա դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը:

Պրոբացիայի մյուս  կարևոր նպատակներից          է ապահովել հասարակության անվտանգությունը՝ կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով, ինչպես նաև հաշտեցնել շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին):

Նշյալ նպատակների ապահովումը էական նշանակություն կունենա քրեական արդարադատության իրականացման վրա։

-Հայտնի է, որ ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը կայացվում է երեք հանրային մարմինների մասնակցությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմ, անկախ հանձնաժողով և դատարան։ Արդյոք արդյունավե՞տ է գործում ազատ արձակման որոշում կայացնող այս եռաստիճան համակարգը:

-Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը։ Այսինքն՝ քրեակատարողական հիմնարկն այն առաջին օղակն է, որը կարող է դրական կամ բացասական լուծում տալ այս հարցին։ Երկրորդ օղակը անկախ հանձնաժողովն է, ով որոշում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման միջնորդագրին հավանություն տալու կամ չտալու հարցը։ Եթե կայացվում է նշյալ միջնորդագրին հավանություն տալու մասին որոշում, ապա հարցը ներկայացվում է երրորդ օղակին՝ դատարան։ Արդյունքում՝ դատարանը բավարարում կամ մերժում է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիրը։

Առկա կարգավորումների պայմաններում մենք բախվում ենք երեք օղակների գործառույթների ոչ հստակ տարանջատման խնդրին, որը հանգեցնում է նաև տարբեր մարմինների կողմից նույնաբնույթ գործառույթի իրականացմանը։

Մասնավորապես, խոսքը գնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովի գործառույթների նույնացմանը։ Հետևաբար, ներկայումս առաջացել է եռաստիճան այս համակարգի օղակների կրճատման և նույնաբնույթ գործառույթների իրականացման բացառման անհրաժեշտություն։

՞ր դեպքում դատապարտյալը հնարավորություն ունի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել ՔԿՀ-ից: Որո՞նք են պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշները Հայաստանում:

-Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի։ Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից։ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը։ Բացի այդ, նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է համապատասխան ծանրության հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն ընձեռող ժամկետը։

Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին։

Հարկ է նաև նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է ևս մեկ չափանիշ, այն է՝ կարգապահական տույժ չունենալը, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դեպքում՝ վերջին հինգ տարվա ընթացքում պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների համար տույժ չունենալը։

Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]