1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ում Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն անչափ կարեւոր է համարում Մարտական Ուխտի Արքայազնի այցը Հայաստան

ՀՀ-ում Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն անչափ կարեւոր է համարում Մարտական 
Ուխտի Արքայազնի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս պետական այցով Հայաստանում  էր Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն Ֆրա Մեթյու Ֆեսթինգն իր պատվիրակության հետ: Նրա այցի արդյունքների, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի եւ Հայաստանի հետագա համագործակցության վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանի հետ:

 -Պրն Ուղուրլյան, ի՞նչ տպավորություններ ունեք այս այցից, ի՞նչ տվեց այն երկու կողմերին:

-Սա Մալթայի Ուխտի 900-ամյա պատմության մեջ առաջին անգամ էր, որ Մարտական Ուխտի Արքայազնը այցելեց Հայաստան, ինչը մեզ համար անչափ կարեւոր էր: Նախեւառաջ, հենց Արքայազնն էլ շատ ուրախ եւ գոհ էր ընդունելությունից: Նա շատ էր տպավորվել Հայաստանով եւ ցանկություն է հայտնել ընդլայնելու Հայաստանի հետ համագործակցությունը, զարգացնելու հարաբերությունները, որպեսզի փորձենք ավելի շատ աջակցություն ցուցաբերել այն կառույցներին (լսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոց, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան եւ այլն), որոնց հետ մենք աշխատում ենք այստեղ: Մենք մատակարարում ենք հիվանդանոցներին մահճակալներ հնարավորության սահմաններում. օրինակ՝ նախորդ տարի 50 մահճակալ էինք տրամադրել Էջմիածնի եւ Գավառի հիվանդանոցներին: Արքայազնը նաեւ շատ տպավորվել էր Ցեղասպանության հուշահամալիր իր այցելությամբ: Նա ասել է, որ այս այցից հետո ավելի լավ է գիտակցում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված վայրագությունները:

-Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում համագործակցության ընդլայնումը, համագործակցության շրջանակում հետագայում ի՞նչ է սպասվում:

-Կարեւոր ձեռքբերումն այն է, որ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ պայմանավորվածություն է եղել նոր ծրագիր սկսելու վերաբերյալ:  Մենք Հայաստան ենք ուղարկելու մասնագետների հատուկ թիմ, որպեսզի ուսումնասիրվի ծննդի պահին երեխաների մահացության դեպքերը նվազեցնելու հավանականությունը, ինչպես դա կարելի է անել: Մենք հաջողությամբ իրականացրել ենք նման ծրագիր Պաղեստինում, այնտեղ դեպքերը նվազեցրել 2.9 տոկոսով: Այն իրենից ներկայացնում է մի ծրագիր, որի շրջանակում մայրերը պետք է հետազոտություն անցնեն ավելի վաղ, օրինակ՝ շաքարային դիաբետ ունեցողները  պետք է նախապես մանրակրկիտ հետազոտություն անցնեն, որպեսզի կանխվեն երեխայի մահացության դեպքերը ծննդի պահին: Հայաստան է ժամանելու Իտալիայի մեր գլխավոր գինեկոլոգն իր թիմի հետ: Մենք կշրջենք եւ կգնահատենք ընդհանուր իրավիճակը: Հնարավոր է նաեւ, որ անգլիացի բարձրակարգ մասնագետների էլ ուղարկենք, ովքեր կզբաղվեն լսողության խնդիրներ ունեցող երեխաներին աջակցությամբ. հետազոտեն, տեսնեն՝ արդյոք ինչ-որ սարքավորման կամ վիրահատության կարիք կա՞: 

-Պրն Ուղուրլյան, նշեցիք մասնագետների մասին, իսկ ակնկալվու՞մ է նաեւ նոր սարքավորումների տրամադրում:

-Մենք կբերենք մասնագետների, հետո կտեսնենք՝ ինչ տեսակի սարքավորումների անհրաժեշտություն կա այստեղ, եւ, հնարավոր է, ի վերջո կարողանանք սարքավորումներ ուղարկել: Սակայն ինչքան սարքավորումները նորագույն լինեն, այնքան ավելի դժվար կլինի, քանի որ գիտեք, թե դրանք որքան թանկ են, բացի դրանից՝ նաեւ համապատասխան մասնագետներ պետք է լինեն, ովքեր հասկանում են այդ սարքավորումներից:  Բժշկությունն այնքան առաջ է գնացել, այն բավականին բարդ է:  Գիտեք նաեւ, որ այսօր շատ մեծ ճգնաժամ է տիրում ամբողջ աշխարհում, եւ աջակցության համար գումար հայթայթելն այնքան էլ հեշտ չէ: Սա  երկարաժամկետ գործընթաց է, եւ քայլ առ քայլ պետք է հասնենք դրան:

-Իր այցի շրջանակում անդրադառնալով Ցեղասպանության հարցին՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում Արքայազնը միտք էր արտահայտել, թե պետք չէ նախնիների արարքների համար մեղադրել այժմյան Թուրքիային, ցանկալի կլիներ Ձեր կարծիքն իմանալ այս հարցի վերաբերյալ:

-Նախ՝ ուզում եմ ասել, որ մենք չենք միջամտում քաղաքականությանը, հիմնականում բարեգործական գործունեություն ենք իրականացնում: Անչափ կարեւոր է Ցեղասպանության ընդունումը, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ատենք այժմյան թուրքերին, կարծում եմ՝ նա դա է նկատի ունեցել: Դա  էլ իր հերթին չի նշանակում, որ թուրքերը չպետք է ընդունեն այդ փաստը: Ինձ համար դա շատ զգայուն թեմա է, քանի որ իմ ընտանիքը նույնպես դարձել է Ցեղասպանության զոհ, պապս խաչվել է, մի մորաքույրս գլխատվել, իսկ մյուսին որպես ստրկուհի հանձնել են թուրքական մի ընտանիքի: Կարծում եմ՝ արդարությունը պետք է վերականգնվի, Ցեղասպանությունը պետք է ճանաչվի, սակայն դրանից հետո մենք պետք է փորձենք նորմալ հարաբերություններ ունենալ նրանց հետ: Բայց դա այն բանից հետո միայն, երբ նրանք ընդունեն իրենց նախնիների մեղքերը: Ինչ խոսք, նորմալ հարաբերությունները նաեւ կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը, սակայն դա հնարավոր չէ, քանի դեռ նրանք չեն ընդունել Ցեղասպանությունը: Կարծես թե դեռ հեռու ենք այդ օրվանից:  

-Մալթայի Ուխտը գործունեություն է իրականացնում պատերազմական գոտիներում, օրինակ՝ աջակցություն է ցուցաբերում տարբեր երկրների փախստականներին: Իսկ ի՞նչ կասեք Արցախի վերաբերյալ, որտեղ նույնպես իրավիճակը լարված է՝ հատկապես վերջին ապրիլյան դեպքերից հետո: Արդյո՞ք կան ինչ-որ ծրագրեր՝ կապված Արցախի հետ:

-Ես նման տեղեկություն չունեմ, միգուցե որոշ կամավորների կամ բժիշկների ուղարկեն այնտեղ, սակայն ես ոչինչ ասել չեմ կարող:

-Արդեն մի քանի տարի  Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպանն եք, Ձեր դիտարկմամբ՝ որո՞նք են մեր երկրում առկա հիմնական խնդիրները, որոնք միանգամից տեսանելի են դառնում:

-Ես չեմ կարող դատել խնդիրների կամ առաջխաղացման մասին: Երեք երկիր կա, որոնք ես սիրում եմ եւ որտեղ ապրում, Հայաստանը, Ֆրանսիան եւ Լիբանանը:  Երեքն էլ ունեն նույն խնդիրը՝ ավելի լավ աշխատանք գտնելու համար երիտասարդությունը լքում է երկիրը՝ նախընտրելով ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան: Դե, Հայաստանից շատերը գնում են նաեւ Ռուսաստան: Շատ տխուր է տեսնել, որ նրանք հեռանում են՝ Հայաստանում մնալու եւ այն կառուցելու փոխարեն:  Սա, իմ կարծիքով, մեծ խնդիր է. եթե երիտասարդն ասում է՝ գնում եմ արտերկիր ավելի լավ ապագա ստեղծելու համար, այստեղ ինչ անեմ, դու չես կարող ասել՝ մի գնա: Սա, թերեւս, հենց աշխատատեղերի խնդիրն է, ինչը, հավանաբար, պայմանավորված է տարբեր գործոններով՝ տնտեսական վիճակ, փակ սահմաններ, պատերազմական իրավիճակ եւ այլն: 

Հարցազրույցը վարեց Սյուզի Մուրադյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]