Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թատրոնը երկրի, պետության, ազգի, ժամանակի հայելին է. Արմեն Մարգարյան

Թատրոնը երկրի, պետության, ազգի, ժամանակի հայելին է. Արմեն Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» բեմադրությունը Կամերային երաժշտական թատրոնի բեմում հանձնվեց թատերասեր հասարակության դատին: Այս և այլ թեմաների շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց բեմադրության ռեժիսոր, երաժիշտ և դերասան Արմեն Մարգարյանի հետ:

-Հայտնի է, որ մասնագիտությամբ դերասան եք, սակայն բեմադրություններ եք անում, երաժշտություն եք գրում, երգում եք: Ինչպե՞ս…

-Կես տարի սովորել եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում, հետո որոշեցի թատերական ինստիտուտ ընդունվել: Մանկուց երգում եմ: Ներկայումս աշխատում եմ կոմպոզիտոր, երգահան Արթուր Հակոբյանի հետ, ով զբաղվում է իմ երգերի գործիքավորմամբ: Եթե անդրադառնանք որպես ռեժիսոր իմ գործունեությանը, պետք է նշել, որ ինստիտուտում նաև ռեժիսուրա էինք անցնում, և բեմադրություններ անելու հակումն ինձ մոտ զարգանում էր: Պետական կամերային երաժշտական թատրոնում բեմադրեցի «Գեղեցկուհին և հրեշը»-ը մանկական երաժշտական ներկայացումը՝ ֆրանսիական ժողովրդական հեքիաթի մոտիվներով: Այն արդեն 4 տարեկան է:

-Երեք անգամ տարբեր մրցանակաբաշխություններում ճանաչվել եք «Տարվա լավագույն դերասան», սակայն հարցազրույցներում հաճախ եք նշում, որ ձեզ դեռ կայացած դերասան չեք համարում: Ինչո՞ւ:

-Հարաբերական հասկացություն է կայացած լինելը: Չեմ ճանաչում արվեստի որևէ գործչի, ով իր մասին նման բան ասի: Այս մասնագիտությունը անդադար սովորեցնում է: Աշխատում եմ փոքր երեխաների հետ և խոստովանում, որ նրանցից ավելին եմ սովորում, քան գուցե իրենք ինձնից: Օրեցօր ընդլայնվում է աշխարհայացքը: Կարդում ես մի գիրք և շատ ես հավանում, կարդում ես երկրորդը դա էլ ես հավանում, ենթագիտակցաբար ընկալում կամ չես ընկալում, որ դրանով հարստացնում ես միտքդ:

-Ընդգծեցիք, որ շատ եք սովորում ձեր աշակերտներից, իսկ ձեր դասախոսներից ի՞նչ եք վերցրել:

- Սովորել եմ Սոս Սարգսյանի արվեստանոցում: Ցավոք, քիչ եմ առնչվել նրա հետ, քանի որ առողջական խնդիրների պատճառով հաճախ չէինք հանդիպում: Նա կատարյալ վարպետ էր, որի յուրաքանչյուր ժեստը, խոսքը օգտակար էր և ուսանելի: Նրա կողքին նստելիս պետք է պարզ ջրի մեջ գցած սպունգ լինեիր և կլանեիր այդ ջուրը, որպեսզի քեզ սեղմելիս միայն մաքուր ջուր դուրս գար: Շատ բան եմ վերցրել հզորագույն դասախոսներ Դավիթ Հակոբյանից ու Ջեմմա Մարտիրոսյանց, որոնց շնորհակալ եմ: Եթե չհանդիպեի միմյանցից ծայրաստիճան տարբեր այս մարդկանց, գուցե այլ կերպ դասավորվեր կյանքս:

-Մարմնավորում եք և՛ դրական, և՛ բացասական, կոմիկական ու դրամատիկ կերպարներ: Բոլոր դերերն էլ ձեզ հե՞շտ են տրվում:

-Ե՛վ կոմեդիայում կան հետաքրքիր երանգներ, և՛ ողբերգությունում: Նախընտրում եմ տրագիկոմեդիա ժանրը, քանի որ դա դերասանի համար ասես ծանր սանդղակ լինի, որն անհրաժեշտ է հաղթահարել: Թատրոնում միֆ կա, որ կոմեդիա խաղալը կրկնակի դժվար է: Ըստ իս՝ յուրաքանչյուր աշխատանք հաջողվում է համատեղ ուժերով: Երբ ստեղծագործական կազմի բոլոր ներկայացուցիչները նույն կերպ են տեսնում, պատկերացնում պիեսը, իսկ դա հնարավոր է:

-Նկարահանվել եք բազմաթիվ ֆիլմերում: Ձեզ բե՞մն է ավելի մոտ, թե՞ նկարահանման հրապարակը:

-Այս երկու հարթակների միջև տարբերություն կա, բայց ես բեմը շատ-շատ եմ սիրում, հատկապես կամերային երաժշտական թատրոնը, որտեղ սկսել եմ աշխատել դեռ ուսանողական տարիներից: Կինոն նույնպես հետաքրքիր է: Վերջերս աշխատեցի երիտասարդ ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ և մեծ հաճույք ստացա: Նկարահանվեցի Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի մոտիվներով արված 25 մասից բաղկացած ֆիլմում: Հայկը նկարել է նաև «18 պլյուս» կինոնկարը, որի վերնագիրը այնքան էլ կապ չունի բովանդակության հետ:

-Կինոյում կամ թատրոնում կա՞ որևէ կերպար, որը շատ կցանկանայիք մարմնավորել:

-Շատ եմ ուզում բեմադրել Ջեկ Լոնդոնի ստեղծագործություններից մի քանիսը. օրինակ՝ «Հիպերբորյան ըմպելիքը» հոյակապ պատմվածքը: Երազում եմ մարմնավորել Պապ թագավորին: Շատ եմ կարդացել նրա մասին, ունեմ բազմաթիվ նյութեր և ինձ հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս երիտասարդ տղան կարողացավ կարճ ժամանակահատվածում հզորացնել մի պետություն և այնպիսի վտանգ ներկայացնել, որ սպանվեց ի վերջո: Հռոմի պես հզոր պետությունը ի դեմս Պապի լուրջ թշնամու տեսավ: Թատրոնը երկրի, պետության, ազգի, ժամանակի հայելին է:

-Պահանջկո՞տ եք ձեր հանդեպ:

-Ասում են, որ պահանջկոտ եմ, երբ բեմադրում եմ, սակայն խաղալիս ինքս ինձանից եմ շատ պահանջում: Երբ Միքայել Դովլաթյանից «Շտապօգնություն» ֆիլմում խաղալու առաջարկ ստացա, որոշեցի որոշ ժամանակ ապրել այդ կերպարի կյանքով: Նման բան հաճախ Հոլիվուդում նկարահանվող դերասաններն են անում. օրինակ՝ Ռոբերտ Դե Նիրոն դերերից մեկը մարմնավորելու համար որոշ ժամանակ անցակացրել է հոգեբուժարանում: «Շտապօգնություն» ֆիլմում նկարահանվելուց առաջ շտապօգնության խմբի հետ գնում էի իրական կանչերի: Բացահայտեցի, որ շտապօգնության բժիշկների մեծ մասը մերօրյա հերոսներ են:

-Ստեղծագործական կյանքում ճգնաժամեր եղե՞լ են:

-Ճգնաժամ ապրեցի, երբ խնդիրների պատճառով ստիպված եղա լքել այս թատրոնը, որի յուրաքանչյուր մեխ թանկ է ինձ համար: Ցավ եմ ապրում, երբ մանկական ներկայացումից հետո աղբ եմ տեսնում գետնին. չեմ զլանում և վերցնում եմ այն: Ճգնաժամից որոշ չափով դուրս եկա, երբ Երվանդ Ղազանչյանը հրավիրեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական պետական կոմեդիայի թատրոն և այդ ընտանիքն ինձ ջերմ ընդունեց:

-Ի՞նչ ակնկալիքներ կան «Տունը սահմանի վրա» ներկայացումից:

-Վախ կա: Երկար եմ մտածել այն բեմադրելու մասին և ներկայացումն ինչ-որ չափով վերարտադրում է իմ մանկությունը. ինքս ապրել եմ պատերազմական ժամանակահատվածում, երբ մեծահասակներն ամեն ինչ անում էին, որպեսզի մեզ համար պատերազմը դիտարկվի որպես պատրանք: Ցանկանում եմ, որ ներկայացումը երկար կյանք ունենա:

-Նոր առաջարկներ, գաղափարներ ունե՞ք:

-Կան տարբեր առաջարկներ, որոնք խմորման, քննարկման փուլում են: Ուզում եմ հանգստանալ, քանի որ վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից: Պարոնյան թատրոնի հետ հյուրախաղերի էինք և շատ արագ ենք պատրաստվել ներկայացման պրեմիերային:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]