Պաշտոնական

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

5 րոպեի ընթերցում

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով խորհրդի նիստին ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը:

***

Վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը

Դիմելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է.

Հարգելի Անդրեյ Վլադիմիրի, ընդունեք շնորհակալական խոսքերս հյուրընկալության և նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար:

Նեղ կազմով մենք այսօր արդեն քննարկել ենք ինտեգրացիոն օրակարգի մի շարք առանցքային հարցեր: Լիագումար նիստի առնչությամբ կնշեմ, որ հայկական կողմը հանդես է գալիս մինչև նիստը համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունման օգտին: Դրա հետ մեկտեղ կցանկանայի թեզիսային կարգով անդրադառնալ դրանցից որոշներին:

Կարծում եմ՝ մենք բոլորս հավասարապես կիսում ենք այն մոտեցումը, որ միջազգային համագործակցությունը, որն ընթանում է ԵԱՏՄ արտաքին առևտրային քաղաքականության ձևավորման, երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման հունով, առաջին հերթին կոչված է նպաստելու անդամ-պետությունների ազգային տնտեսությունների արդիականացմանը և նրանց մրցունակության մակարդակի բարձրացմանը:

Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային և բազմաձևաչափ փոխգործակցության ընդլայնումը պետք է հիմնված լինի իրական նախադրյալների վրա և կառուցվի՝ հաշվի առնելով երրորդ երկրների իրական պատրաստությունը փոխգործակցություն հաստատելու ինչպես ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ-պետության հետ առանձին, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ:

Հարգելի գործընկերներ,

Ի նկատի ունենալով անդամ-պետություններում տարբեր իրավական կարգավորումների առկայությունը, մենք լիովին կիսում ենք ԵԱՏՄ մաքսային տարածքում հետագծելիության մեխանիզմի ներդրման միջոցով ապրանքների շրջանառության օրինականության ապահովման վրա հիմնված մոտեցումը:

Տվյալ մեխանիզմը պետք է ներդրվի այդպիսի եղանակով, որ դրա գործարկումը հակասության մեջ չմտնի մեր միության հիմնասյուներից մեկի՝ ապրանքների տեղափոխման ազատության հետ: Ուստի մենք պատրաստ ենք ակտիվ փոխգործակցությանը պետությունների հետ՝ այդ կապակցությամբ առկա հարցերի քննարկման համար:

Կարծում, եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը թույլ կտան ինտեգրացիոն գործընթացներում էական առաջընթացի հասնել:

Հայկական կողմը պատրաստ է գործընկերների հետ ամենասերտ համագործակցությանը:

Շնորհակալություն ուշադրության համար:

***

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին քննարկվել և հավանության է արժանացել մի շարք նախագծեր: Մասնավորապես խորհուրդը հավանության է տվել ԵԱՏՄ մարմինների 2017 թվականի միասնական բյուջեի ու 2015 թվականի միասնական բյուջեի կատարողականի նախագծերը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հատկապես կարևորվել է կառույցի՝ երրորդ երկրների հետ համագործակցության շուրջ աշխատանքների ինտենսիվացումն, ինչպես նաև՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցերը:

Մասնավորապես ընդգծվել է, որ մի շարք երկրներ հետաքրքրություն են դրսևորում ԵԱՏՄ-ի հետ տարբեր ձևաչափերում համագործակցության շուրջ, ինչի ուղղությամբ համապատասխան քայլեր են իրականացվում:

Միջկառավարական խորհրդի մասնակիցները շնորհավորել են Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների ղեկավարներին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու և խորհրդի աշխատանքներին առաջին անգամ մասնակցելու կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում