Ադրբեջանը համառորեն հրաժարվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումից. ՀՀ ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի առաջ մղման համար հրամայական է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացումը, ինչից Ադրբեջանը համառորեն հրաժարվում է:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հանգուցալուծման գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված ջանքերին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում