Հասարակական

ԱԱԾ-ն ձերբակալել է շրջանառությունից հանված եվրոները Հայաստանում իրացնել պատրաստվող երեք անձի

2 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն ձերբակալել է շրջանառությունից հանված եվրոները Հայաստանում իրացնել պատրաստվող երեք անձի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս բացահայտել է Հայաստանում մինչ օրս չարձանագրված անդրազգային նոր բնույթի հանցագործություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ, արտերկրում գտնվող իրենց հանցակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, Հայաստան են տեղափոխել ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ ներկերով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ: Հանցավոր խմբի անդամները նպատակ են ունեցել նշված թղթադրամները քիմիական մշակմամբ մաքրել հատուկ ներկանյութից, դրանց հաղորդել հնամաշ տեսք և, քողարկելով օրինական շրջանառությունից հանված լինելու հանգամանքը, խաբեությամբ իրացնել Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված կանխող և խափանող գործողությունների շնորհիվ խմբի անդամները չեն կարողացել ավարտին հասցնել իրենց հանցավոր մտադրությունը, իսկ օրինական շրջանառությունից հանված թղթադրամները հայտնաբերվել և առգրավվել են:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ: Իրականացվող նախաքննության ընթացքում միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբի ենթադրյալ այլ անդամներին պարզելու, ինչպես նաև նախկինում նման թղթադրամներ Հայաստան ներմուծելու և իրացնելու հնարավոր դեպքերը բացահայտելու համար:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում