Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում հիմնանորոգումից հետո ստեղծված են որակյալ ուսման բոլոր պայմանները


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցը հիմնովին վերանորոգվել է. դպրոցի սաների որակյալ ուսումն ապահովելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Սեպտեմբերի 5-ին հիմնանորոգված  դպրոցում շրջայց կատարեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ովքեր այնուհետև մասնակցեցին տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ դպրոցի աշակերտների մասնակցությամբ համերգին:

Լրագրողների հետ զրույցում Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի  հանրակրթական գծով փոխտնօրեն Հասմիկ Մադանյանը նշեց, որ դպրոցը վերանորոգումից հետո անճանաչելի է դարձել: «Դպրոցը հիմնովին վերանորոգվել է: Համոզված ենք, որ երեխաներն ավելի եռանդով, ոգևորված կաշխատեն, սովորելու ձգտումը կմեծանա, որովհետև նման պայմաններն ինքնըստինքյան բերում են դրան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մադանյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի սաներն ապագայում կլինեն այն մարդիկ, ովքեր կներկայացնեն Հայաստանը տարբեր երկրներում, հիացմունք կպատճառեն հանդիսատեսին: «Այս մշակութայի օջախի հիմնանորոգմամբ Հայաստանում նոր դարշրջան ենք սկսվում մշակույթի ոլորտում: Մեր հարևանները նավթով են պարծենում, իսկ մենք պարծենում ենք մեր երեխաներով: Մշակույթի ոլորտը համահայկական հիմնադրամի համար կարևոր է, քանի որ Հայաստանը մշակույթով կարող ենք ներկայացանալ աշխարհին: Պետք է այս ոլորտում լուրջ ներդրումներ անենք, կարողանանք պայմաններ ստեղծել մեր երեխաների համար, որպեսզի պատշաճ կրթություն ստանան ու ներկայացնեն Հայաստանն օտար բեմերում»,- ասաց  Վարդանյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի ատենապետ Խորեն Բանդազյանն ընդգծեց, որ  որ դեռ մի քանի տարի առաջ այցելել էր այս դպրոց, տեսել մի փորքիկ աղջկա՝ նվագելիս. «այդ նվագը գերեց իմ սիրտը, մտածեցի, եթե հիմա է այսպես լավ նվագում, էլ ինչքան լավ կնվագի հինգ տարի անց՝ արդեն ավելի լավ դահլիճում: Մենք գիտակցում էինք, որ մեծ ծրագիր է, բայց մենք ձեռնամուխ եղանք այն իրականացնելուն»,- նշեց նա:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ նկատեց, որ թեև դպրոցի պայմանները բարվոք չէին, սակայն մանկավարժները տարիներ շարունակ իրենց պարտականությունները կատարել են լիարժեք: «Այս հիմնանորոգումը դպրոցը վաստակել է իր աշխատանքով»,- ընդգծեց նա:

Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանի խոսքով` դպրոցն այս շենքում գործում է 1973 թվականից, և այդ ժամանակվանից միայն կոսմետիկ վերանորոգումներ են կատարվել: «Այն, ինչ այսօր ես, կոլեկտիվն ենք տեսնում, հրաշք է: Ստեղծված են բոլոր այն պայմանները, որոնցում երեխաները հանգիստ որակյալ ուսում կարող են ստանալ, մասնակցել համերգների, միջազգային մրցույթների»,- նշեց նա:

Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ: Շինարարական աշխատանքները սկսել են 2015 թ. մարտին: Հիմնովին վերանորոգվել են շենքի երեք մասնաշենքերը (4958 քմ): Շենքն ուժեղացել է և վերահատակագծվել: Նորոգվել են աստիճանները, փոխվել են դռներն ու պատուհանները, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու համակարգերը, տեղադրվել են օդափոխության և հակահրդեհային ջրային համակարգեր, կառուցվել է նոր տանիք և էվակուացիոն աստիճաններ, տեղադրվել են հակահրդեհային ազդանշանային և տեսահսկողության համակարգեր: Վերելակի և թեքահարթակների կառուցումը հնարավորություն է տալիս ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող աշակերտներին ուսանել այստեղ, այլև դյուրացնում է սաների տեղաշարժը կրթօջախի ներսում: Նոր կառուցված բեմահարթակն ժամանակակից որակ է հաղորդում համերգասրահին: Վերանորոգվել են նաև մարզադահլիճը, շենքի ներքին բակը, արդիականացվել է լուսավորությունը, տեղադրվել են տաղավարներ և նստարաններ: Նորագույն սարքավորումներով կահավորված և ժամանակի պահանջներին համապատասխան համերգային մեծ դահլիճում հնարավոր կլինի անցկացնել միջազգային և հանրապետական մրցույթներ, փառատոներ, ստուգատեսներ: Ամբողջ ծրագրի արժեքը կազմել է 1,150,000,000ՀՀ դրամ: 1939թ. հիմնված դպրոցում այսօր ուսանում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր երաժշտական կրթությանը զուգահեռ դպրոցում ստանում են նաև հանրակրթական կրթություն:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ