Ոստիկանությունը Խորենացու փողոցից և Սարի թաղից բերման է ենթարկել 165 անձի
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևանի տարբեր բաժիններ Խորենացու փողոցից և Սարի թաղից բերման է ենթարկվել 165 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ազատ արձակվածների վերաբերյալ տեղեկություն վարչությունը դեռ չունի:
Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից դեպի Խորենացու փողոց շարժվող ցուցարարները անակնկալ կերպով փոխել էին երթի ուղղությունը և շարժվել Սարի թաղի ուղղությամբ: Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Խորենացու փողոցում և Սարի թաղում հավաքվածներին մի քանի անգամ հավաքի անօրինական բնույթի մասին տեղեկացնելուց և տարածքը լքելու հորդորից հետո ոստիկանությունը ցրել է հավաքվածներին: Ոստիկանության աշխատակիցները մի քանի շարք պատնեշով առաջացել են հավաքվածների շարքերի մեջ, նաև լուսաձայնային միջոցներ կիրառելով սկսեցին բերման ենթարկել նրանց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում