Քաղաքականություն

ԱՄՆ Սենատի ԶՈՒ կոմիտեի պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս և Տավուշի սահմանամերձ համայքներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատի ԶՈՒ կոմիտեի պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս և Տավուշի սահմանամերձ համայքներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս և հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և բանակային կորպուսի հրամանատարության հետ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությանը ներկայացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հաճախականությունը և դրա հետևանքները: Ներկայացվել է հայկական կողմի դիրքորոշումը հրադադարի պահպանման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:

Տավուշի մարզում ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մարզպետ Հովիկ Աբովյանի և սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության առօրյա կյանքի վրա հրադադարի խախտումների հետևանքները բնակչության անվտանգության, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման և ենթակառուցվածքների շահագործման առումով:

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն, որտեղ տեղեկատվություն է ստացել միջազգային խաղաղության և կայունության պահպանման գործողություններում հայ խաղաղապահների ներգրավվածության և նախապատրաստվող առաքելությունների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում