Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

«Հայաստան. Ստեղծենք միասին» երիտասարդական հավաքում քննարկել են «Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում»

«Հայաստան. Ստեղծենք միասին» երիտասարդական հավաքում քննարկել են «Մեդիայի դերը 
հայկական շահերի պաշտպանության գործում»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջատար բուհերի ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ գիտնականների «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի «Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում» թեմայով  երրորդ նիստը հուլիսի 12-ին տեղի ունեցավ «Մեդիամաքս» լրատվական կենտրոնում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ջերմորեն ողջունելով երիտասարդներին՝ «Մեդիամաքս» լրատվական կենտրոնի տնօրեն Արա Թադևոսյանը կարևորեց նման մեծ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող երիտասարդների համախմբումը հայրենիքում և նրանց մասնակցությունը երկրի զարգացման գործին: Նա անդրադարձավ  հայկական շահերի պաշտպանության գործում լրատվամիջոցների դերակատարությանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի տնօրենի խորհրդական Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրեց ԶԼՄ-ների տարաբնույթ կողմնորոշումները, կողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում և, մասնավորապես, քառօրյա պատերազմի ընթացքում: Նա նշեց, որ լրագրողների համար հակամարտությունները պատմությունների հակամարտություն են, պետք է կարողանալ օտարերկրացիներին ճիշտ, հասկանալի և ազդեցիկ կերպով ներկայացնել մեր պատմությունը՝ դրական ընկալումների հասնելու համար: Հովհաննես Նիկողոսյանն անդրադարձավ այն մեխանիզմերին, որոնց շնորհիվ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվությունը կլինի ամփոփ և ազդեցիկ, նա խոսեց այն տեղեկատվական խնդիրների մասին, որոնք վերաբերում են հակամարտությունը ներկայացնելուն, դրա առանձնահատկություններին՝ կարևորելով նմանատիպ հակամարտությունների զուգահեռներում այն ներկայացնելը, ընդունված և ընկալելի տերմինների ու բնորոշումների կիրառմամբ: Բանախոսը անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմի օրերին սփյուռքյան մամուլի արձագանքներին:

Նա խորհուրդ տվեց ճշտել ինֆորմացիան, զերծ մնալ վտանգավոր տեղեկատվական աղբից,  այն չկիրառել հայկական տեղեկատվական դաշտում:

«Մեդիամաքս» լրատվական կենտրոնի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը հանդես եկավ «Ապրիլյան ռազմական և տեղեկատվական պատերազմները» զեկույցով, նա անդրադարձավ քառօրյա պատերազմի օրերին հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների գործունեությանը, լրատվադաշտի կրած դինամիկ փոփոխություններին և այն թերություններին, որոնք ի հայտ եկան: Փորձագետը նշեց, որ թեև սոցիալական հարթակներում հայ հանրությունը համախմբվեց, սակայն եղան լուրջ բացթողումներ, հայկական լրատվամիջոցները և մեդիա փորձագետները, լուրջ աշխատանքներ իրականացրին՝ զգուշացնելով վտանգների, կեղծ կայքերի, ապատեղեկատվական աղբյուրների մասին, սակայն հայկական լրատվական հանրությունը պատրաստ չէր նման հանկարծակի և ուժեղ տեղեկատվական պատերազմի, առկա էր մեդիագրագիտության, շրջահայացության և զգուշավորության պակաս:

Փորձագետ Միքայել Յալանուզյանը տեսաշարով ներկայացրեց «Ապրիլյան պատերազմը համաշխարհային մեդիայում» զեկուցումը՝ անդրադառնալով հայկական և ադրբեջանական լրատվադաշտերի ազդեցությանը միջազգային լրատվամիջոցների հրապարակումների վրա:

 «Զորակն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Razm.info» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հանդես եկավ «Սոցցանցերի «դիպուկահարներն» ու «հետախույզները»» զեկուցումով: Նա նկարագրեց տեղեկատվական միջավայրը քառօրյա պատերազմի ժամանակ և նշեց, որ կտրուկ աճեց տեղեկատվություն ստանալու պահանջը, ի հայտ եկան տեղեկություններ ձեռք բերելու հետ կապված դժվարություններ, ակտիվացան ապատեղեկատվական հոսքերը, հաքերական հարձակումները, ծանրաբեռվեցին տեղեկատվական ենթակառուցվածքները: Զգացմունքային դրսևորումները սոցցանցերում և լրատվամիջոցներում որոշակի ազդեցություն ունեցան լրատվության շրջանառության վրա:  Բանախոսը կարևորեց պաշտոնական լրատվության համակարգված տարածումն ու արագ արձագանքելը, զգուշավորությունն ու տեղեկատվությունը ստուգելու սկզբունքայնության կիրառումը:

Վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Բանախոսները պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին:

Երեկոյան երիտասարդական հավաքի մասնակիցները դիտեցին ռեժիսոր Վահե Յանի «Արմատներ» ֆիլմը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am