Տնտեսություն

Առաջին 4 ամիսներին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից ստացել է ավելի քան 15 միլիարդ դրամ

2 րոպեի ընթերցում

Առաջին 4 ամիսներին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից ստացել է ավելի քան 15 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից այս տարվա 4 ամիսների ընթացքում Հայաստանը ստացել է 15 միլիարդ 438 դրամ գումար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Անցած տարի ողջ տարվա կտրվածքով մենք Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից ստացել էինք ավելի քան 53 միլիարդ դրամ: Այս տարի էլ կարող ենք ասել, որ ԵԱՏՄ ընդհանուր ֆոնդից մեր մասնաբաժինը գրեթե նույնն է մնալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ալավերդյանը:

Դիտարկմանը, թե նախատեսվում էր ավելի շատ գումար ստանալ ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից, Ալավերդյանը պարզաբանեց, որ դա պայմանավորված է Ռուսաստանում և ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում ներմուծման էական նվազմամբ: «Այդ երկրներում ներմուծումները շատ մեծ տեսակարար կշիռ են կազմում և, երբ դրանք նվազում են, ընդհանուր ֆոնդ ավելի քիչ գումար է գնում, ինչն էլ ազդում է նաև այդ ֆոնդից մեր եկամուտների վրա»,- ասաց նա:

Արմեն Ալավերդյանը հստակեցրեց նաև, որ ԵԱՏՄ-ից սպասվող օգուտների վերաբերյալ նախնական կանխատեսումներն արվել են 2014թ. տնտեսական ցուցանիշների հիման վրա, սակայն 2015թ. Ռուսաստանի տնտեսական աճը էական տեղաշարժերի է ենթարկվել, ինչն էլ անդրադարձել է ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից սպասելիքների վրա:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում