Պաշտոնական

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության զեկուցը

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության զեկուցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մայիսի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հիշատակը:

Օրակարգի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2015թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի 2015թ. գործունեության մասին տեսաֆիլմը: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Այն ներկայացրել են վերստուգիչ հանձնաժողովի անդամ Արա Ասլանը և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Վասիլյանը:

Օրակարգի հաջորդ հարցը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության մասին, զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ Նախագահի զեկույցից հետո, տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ժամանակ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տեղական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները, որոնք կամփոփվեն գործադիր վարչության կողմից: Խորհուրդը միաձայն հաստատել է «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության մասին զեկուցը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում