Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Ապրիլ

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով առաջին քննարկման օրը հայտնի է


ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի շուրջ ՀԱԿ-ի առաջարկած 4+4+4 ձևաչափով  առաջին քննարկումը տեղի կունենա մարտի 30-ին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Մենք ստացել ենք Լևոն Զուրաբյանի նամակը այդ ձևաչափով քննարկումներ անցկացնելու մասին, քննարկել ենք այդ հարցն աշխատանքային խմբում: Մենք այն տեսակետի կրողն ենք, որ ցանկացած քաղաքական ուժի հետ, ցանկացած ձևաչափով պատրաստ ենք քննարկել ընտրական օրենսգրքի նախագիծը: Լևոն Զուրաբյանի կողմից առաջ քաշված ձևաչափը քննարկումների առումով մեզ համար նույնպես ընկալելի է: Մեր կազմը միշտ պատրաստ է քննարկումների, մենք տեղյակ ենք պահել նաև մեր կոալիցիոն գործընկերներին: Ամենայն հավանականությամբ, նրանք նույնպես կմասնակցեն այդ քննարկումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Հովհաննես Սահակյանը հավելեց, որ այդ ձևաչափով քննարկում կազմակերպելու համար իրենք երկու նախապայման են առաջ քաշել: «Առաջինն այն է, որ այդ ձևաչափում քվեարկություններով և կոնսենսուսով որոշումներ չեն կայացվելու: Իսկ երկրորդն այն է, որ դա միակ ձևաչափը չի լինելու, որտեղ քննարկվելու ընտրական օրենսգրքի նախագիծը: Այս առումով ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ է, որ այդ քննարկումներին մասնակցեն մարդիկ, ովքեր կոմպետենտ են պատասխանել այդ 4 քաղաքական ընդդիմադիր ուժերի և 4 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցադրումներին և մտահոգություններին»,- ընդգծեց Հովհաննես Սահակյանը:

Նա հստակեցրեց, որ իշխանությունների կողմից քննարկմանը մասնակցելու են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը և ինքը: Հավանաբար, կլինի ներկայացուցիչ նաև ՀՅԴ-ից: Եթե որևէ մեկը ժամանակի առումով խնդիրներ կունենա և չի մասնակցի, չեմ կարծում, որ խնդիր կլինի»,- նշեց  Հովհաննես Սահակյանը:

Հարցին՝ 4+4+4 ձևաչափով քննարկումները բա՞ց են լինելու, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ես անձամբ այն կարծիքին եմ, որ նման աշխատանքային քննարկումները փակ ֆորմատով լինեն: Սակայն եթե նրանք կպնդեն, որ պետք է բաց լինեն քննարկումները, մենք ընդառաջ կգնանք: Ի վերջո, մենք ոչ մեր հասարակությունից, ոչ էլ լրագրողներից թաքցնելու բան չունենք»:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իշխող կոալիցիային  պաշտոնապես առաջարկ է ներկայացրել՝ ընտրական օրենսգրքի քննարկումների 4+4+4 բանակցային ձևաչափ ստեղծելու վերաբերյալ: Զուրաբյանն առաջարկում է նոր  Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը կառուցել լայն հանրային և քաղաքական կոնսենսուսի վրա: Որպես նման կոնսենսուսի կառուցման համար առանցքային գործիք, առաջարկվել է բանակցությունների 4+4+4 ձևաչափը՝ խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խմբակցությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ իշխող կոալիցիայի, ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության հավասար ներկայացվածությամբ:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ