Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Վարդան Աճեմյան. թատրոնի նկատմամբ սիրուց մինչև «Հնչյունի թատրոն»


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի բնորոշմամբ` նա Հայաստանի ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկն է, փայլուն պրոֆեսիոնալ: Հայ ճանաչված կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը նրան համարում էր հայ ժամանակակից երաժշտության խոշորագույն դեմքերից: Արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Աճեմյանի համար 2016-ը հոբելյանական է. լրանում է արվեստագետի ծննդյան 60-ամյակը: 2016-ը դեռ չէր սկսվել, իսկ կոմպոզիտորին անանկնկալ էր սպասվում. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով Վարդան Աճեմյանը «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար արժանացավ երաժշտության ոլորտում պետական մրցանակի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը խոսել է պարգևի, նոր ստեղծագործությունների և մշակույթի նկատմամբ սիրո մասին, որը խոր արմատներ ունի:

Վարդան Աճեմյանը` «Հնչյունի թատրոն»-ի մասին

Ինձ համար մեծ պատիվ է ստանալ ՀՀ պետական մրցանակը: Ստեղծագործությունը գրել եմ վերջին տարիներին, կատարվել է մի քանի անգամ: Բոլոր կատարումներից շատ գոհ եմ, տարբեր դիրիժորներ են հնչեցրել` Սերգեյ Սմբատյանը, Վահան Մարտիրոսյանը, նվագել է իմ դուստրը` դաշնակահարուհի Արուս Աճեմյանը:

Պետք է ասեմ` ինչու «Հնչյունի թատրոն»: Ես վերադարձել եմ իմ մանկություն, որն անցկացրել եմ թատրոնում: Իմ պապիկը` Վարդան Աճեմյանը, և տատիկս` Արուս Ասրյանը, ինձ գրեթե ամեն օր տանում էին թատրոն: Ես հիշում եմ` թատրոնի ետնաբեմում տեսնում էի, թե ինչպես են ստեղծվում ներկայացումները, թե ինչպես են խաղում թատրոնի մեծերը` Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, ինչպիսի հրաշք էր ստեղծվոմ այդ ժամանակ: Թատրոնը շատ մեծ ազդեցություն է թողել ինձ վրա, այստեղից էլ՝ այս ստեղծագործության անվանումը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Կոմպոզիտորը Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում սովորելու տարիներին հատուկ հետաքրքրություն չի դրսևորել երաժշտության հանդեպ 

Շատ աշխույժ եմ եղել, զբաղվել եմ սպորտով, ֆուտբոլ եմ սիրել: Ուզում էի գնալ թատրոնի գծով: Արդեն բավականին մեծ էի, երբ 8-րդ դասարանում ասացի պապիկիս, որ ուզում եմ գնալ Մոսկվա և Թատերական արվեստի ինստիտուտ (ГИТИС) ընդունվել: Շատ զարմացավ, հարցրեց ինչու, ինչ ես անելու ինձնից հետո: Եվ ես իսկապես մտածեցի` ի՞նչ պետք է անել: Այդ ժամանակ ես արդեն ստեղծագործում էի: Իմ հայրը՝ Ալեքսանդր Աճեմյանը, ինձ շատ էր զարգացնում երաժշտական առումով, մայրս Նաթելլա Աճեմյանը` նույնպես կոնսերվատորիայի պրոֆեսոր էր: Ես այդ մթնոլորտում եմ ապրել, շփվել եմ շատ մեծ երաժիշտների հետ: Իմ հոր մտերիմ ընկերներն էին Կոնստանտին Օրբելյանը, Խաչատուր Ավետիսյանը, Առնո Բաբաջանյանը: Անմոռանալի տարիներ էին, ես ձևավորվել եմ հենց այդ տարիներին:

Սեր դեպի երաժշտություն  

Իմ առաջին երաժշտական տպավորությունները Եկմալյանի Պատարագից եմ ստացել: Պետք է ասեմ, որ շատ մեծ տպավորություն էր ինձ վրա թողել: Այդ տարիներին մարդիկ եկեղեցի չէին գնում, Արուս Ասրյանը տանում էր ինձ Էջմիածին, ես հիանում էի Պատարագով: Մինչև հիմա հիանում եմ: Այդ ժամանակ գրում էի փոքր ստեղծագործություններ դաշնամուրի համար: Շատ հաճախ դրանք ցույց էի տալիս կոմպոզիտորներին:

Ղազարոս Սարյան. նշանակալի ազդեցություն

Ես պետք է սիրով խոսեմ իմ ուսուցչի` Ղազարոս Սարյանի մասին: Ուղղակի հրաշալի մարդ էր, կոմպոզիտոր, մանկավարժ: Ես շատ բան եմ ստացել նրանից: Նա կարող էր ոչինչ չասել, բայց հայացքով ուղղություն տալ: Զարմանալի մաքուր, ազնիվ, ազնվական մարդ էր:

«Կիկոսի մահը» դիպլոմային աշխատանքն առաջին անգամ կոնսերվատորիայի պատմության մեջ գնահատվեց «5+»-ով 

Այդ մասին գրեցին «Արմենպրեսը», «Պրավդան»: Դա իմ սկիզբն էր՝ չնայած մինչ այդ շատ ստեղծագործություններ էի գրել, որոնք կատարվել էին: Բայց «Կիկոսի մահը» օպերան իմ մուտքն էր արվեստ, ես այն ստեղծել եմ 1978 թվականին: 1980-ին բեմադրվեց, ցավոք, պապս չհասցրեց բեմադրությունը տեսնել, լսեց միայն առաջին պատկերը, որը հասցրեցի ցույց տալ: Այդ օպերան բեմադրվեց մի շարք թատրոններում: Շատ կցանկանայի, որ վերաբեմադրվեր:

Պատասխանատվության զգացում

Միշտ պատասխանատվության զգացումը հետապնդել է ինձ: Ինչ անում էի, մտածում էի, ինչպես կմտածեն, ինչ կասեն: Ցավոք, նրանք շուտ գնացին` և Արուս Ասրյանը, և Ալեքսանդր Աճեմյանը: Ես մենակ էի մնացել, դժվար էր այն առումով, որ պետք էր շարունակել ավանդույթները:

Շրջադարձային ստեղծագործություններ

Իմ կյանքում շրջադարձայինն, իհարկե, «Կիկոսի մահը» օպերան էր, մինչ այդ Սիմֆոնիկ պոեմը, Առաջին, Երկրորդ սիմֆոնիաները: Վերջինը նվիրեցի հորս` Ալեքսանդր Աճեմյանի հիշատակին, երրորդ սիմֆոնիան` իմ սիրելի Էդվարդ Միրզոյանին: Չորրորդ սիմֆոնիան շուտով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում պետք է կատարվի, այն Ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրված: Ստեղծել եմ 2014 թվականի վերջին, և պետք է կատարվեր ապրիլի 17-ին Կաունասում, բայց իմ անձնական հարցերի պատճառով չստացվեց: Հույս ունեմ, որ դեռ կկատարվի. առաջին անգամ հենց Հայաստանում է հնչելու: Բայց պետք է ասեմ, որ շատ հաճախ են հնչում գործերս արտասահմանում:

Ստեղծագործելուն զուգահեռ` մանկավարժական գործունեություն

Շատ լավ երիտասարդներ ունենք, վերջերս դասարանական համերգ ունեցանք, շատ լավ անցավ: Պարզապես այս երեխաները պետք է ինչ-որ ձևով գնահատվեն, որ մնան, ծառայեն մեր մշակույթին:

Նոր ստեղծագործություններ

Նոր եմ վերջացրել երգչախմբի համար մեծ ստեղծագործություն` գրված Թումանյանի, Տերյանի, Իսահակյանի, Շիրազի խոսքերով: Կոչվում է «Չորս պատկեր գարնան մասին», փորձել եմ այս չորս պոետներին միացնել մի ստեղծագործության մեջ: Հույս ունեմ, որ իմ հեղինակային համերգին կհնչի: Կցանկանայի, որ այս տարի լիներ, քանի որ իմ 60-ամյակն է:

Այնքան շատ պլաններ կան ստեղծագործական առումով: Կուզենայի նորից վերադառնալ օպերային ժանր: Չէ՞ որ կան բազմաթիվ թեմաներ: Ես հույս ունեմ, որ կանդրադառնամ այդ ժանրին:

Զրույցը` Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ