Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանկական գրականության պահանջից մինչև «Քոթոթ»

Մանկական գրականության պահանջից մինչև «Քոթոթ»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկագիր, երկու գրքերի հեղինակ Հասմիկ Շահինյանը կարևորում է լավ մանկապատանեկան գրականության առկայությունը: Ֆրանսիայի Ազգային գրադարանի մանկական գրականության բաժնի աշխատակից գրողը փաստում է` ֆրանսիական մանկապատանեկան գրականության մակարդակը շատ բարձր է:

«Փոքր տարիքից գրելու ցանկություն եմ ունեցել, բայց չեմ մտածել, որ փոքրերի համար գրող պիտի լինեմ: Երբ փոքր էի, Լիբանանում էի ապրում, հայկական դպրոց էի գնում, հայերեն գրքեր էի փնտրում, բայց չէի գտնում նրանք, որոնք ինձ կհետաքրքրեին: Դրա համար ավելի շատ ֆրանսերեն էի կարդում: Երբ ավելի մեծացա, համալսարանում սկսեցի մասնագիտանալ մանկավարժության և մանկապատանեկան գրականության մեջ, և երբ պիտի ատենախոսությունս գրեի, որոշեցի մանկապատանեկան գրականության վրա աշխատել: Լիբանանում, Թուրքիայում, Ֆրանսիայում 10-12 տարեկան փոքրիկների հետ հարցախույզ արեցի, որպեսզի տեսնեմ, թե ինչ գրքեր կցանկանան կարդալ, ինչ հերոսներ կցանկանան տեսնել: Պարզվեց, որ փոքրիկներն էլ իրենց ցանկացած գրքերը չէին գտնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հասմիկ Շահինյանը:

Մանկագրի խոսքով`հենց դրանից հետո իր մոտ գրքեր գրելու գաղափար առաջացավ: 

«Աշխատում էի Ֆրանսիայի ազգային գրադարանում` մանկապատանեկան գրականության բաժնում, տեսնում էի այն բոլոր գրքերը, որ ֆրանսերեն տպագրվում էին փոքրիկների համար և ասում`ինչո՞ւ մեր հայ պստիկները նման գրքեր չունենան: Փորձեցի հրատարակիչներ գտնել, բայց ընդհանրապես հետարքրքրված չէին մանկական գրականությամբ, ասում էին, որ չի վաճառվում: Մի օր էլ որոշեցի ստեղծել «Քոթոթ» հրատարակչությունը»,-շեշտեց նա:

2012-ին ստեղծվեց հետաքրքիր անվանում ունեցող նոր հրատարակչությունը, որն իր առջև նպատակ դրեց արևմտահայերեն գունազարդ հեքիաթներ ու պատմություններ նվիրել փոքրիկներին:

«Քոթոթ» բառը հեշտ է արտաբերել զանազան լեզուներով: Մեկ այլ բացատրություն էլ կա` հայրս իմ հորաքրոջս աղջկան քոթոթ էր ասում փաղաքշական ձևով: 2012 թվականին առաջին գիրքը լույս տեսավ` «Նշանս»: Իմ անձնական միջոցներով եմ տպագրել, ուզում էի անկախ լինել, չէի ուզում, որ մեկն ինձ գումար տա և ասի, թե ինչ տեսակի գրքեր է ուզում տեսնել: Ուզում էի իմ երազած գրքերը ստեղծել, մի քիչ խենթ բան է»,-փաստում է մանկագիրը:

Առաջին գիրքը, որի համար նկարազարդումներ է կատարել Ալիկ Արզումանյանը, ծննդյան նշան ունեցող տղայի մասին է:

«Ես էլ ծննդյան նշան ունեմ ոտքիս վրա. շատ անձնական պատմություն է: Նշանն իր ձևով խորհրդանշում է ընդհանուր տարբերությունը: «Այն օրը, երբ.. »-ը երկրորդ գիրքն է, որը ներառում է ութ պատմություն, նկարազարդումներն արել է իսպանացի Դավիթ Փինթորը, որի գործերին ծանոթացել եմ միջազգային ցուցահանդեսում: Գիրքն արդեն միայնակ կարդացող փոքրիկի համար է»,-փաստում է Հասմիկ Շահինյանը` շեշտելով, որ պատմությունները թեև կարճ են, բայց` հետաքրքիր:

Հեղինակն ընդգծում է, որ վերջին գրքի շնորհանդեսը երեխաները խանդավառությամբ են ընդունել, դրական արձագանքներ են հնչել, և փոքրիկ ընթերցողները շարունակություն են պահանջել, ուստի որոշել է մեկ այլ գիրք հրատարակել` կրկին 8 պատմությունով: Հասմիկ Շահինյանը հույս ունի, որ այն լույս կտեսնի 2016-ին:

«Նշանս» գիրքը, որը գրված է արևմտահայերեն, պետք  է արևելահայերեն էլ թարգմանվի, 2016-ին այն կտեսնենք: Բացի այդ, վերջերս պայմանագիր է կնքվել, որ իտալերեն տպագրվի »,-շեշտեց նա:

Մանկագիրը նաև մտածում է Երևանում գրքերը հանրությանը հասանելի դարձնելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]