Տնտեսություն

ՎԶԵԲ-ը 40 մլն ներդրումով կմասնակցի «Ամերիաբանկ»-ի բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխմանը

2 րոպեի ընթերցում

 ՎԶԵԲ-ը 40 մլն ներդրումով կմասնակցի «Ամերիաբանկ»-ի բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 40 մլն ԱՄՆ դոլար կներդնի հայկական «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետիրական կապիտալում`«Ամերիաբանկ»-ի բաժնետոմսերի առաջին բաց թողարկման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքից, ներդրումները կիրականացվեն երկու փուլով. 30 մլն դոլար կներդրվի «Ամերիաբանկ»-ի բաժնետիրական կապիտալի 20.6 տոկոսը և քվեարկելու իրավունք ձեռք բերելու համար, իսկ ներդրումների երկրորդ փուլի 10 մլն դոլարը կօգտագործվի բանկի կապիտալի մեծացման համար:

ՎԶԵԲ-ի ներդրումները կնպաստեն «Ամերիաբանկ»-ի կապիտալացմանը և աճի ռազմավարական նպատակներին հասնելուն`բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխման վերջնական նպատակով: Հայկական բանկն այդպիսով կունենա փոքր և միջին ձեռնարկատիրության, տեղական խոշոր ընկերությունների և ֆիզիկական անձանց ֆինանսավորման ավելի մեծ հնարավորություն` դա համադրելով ավելի լավ ծառայությունների տրամադրման և ավելի բարդ լուծումների իրականացման հետ, ինչը կհանգեցնի Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակի բարձրացմանը և ֆինանսավորմանը հասանելիության բարելավմանը: Աջակցությունը բանկերի գործունեությանը կլանումների և միաձուլումերի առումով կօգնի Հայաստանի բանկային հատվածի կոնսոլիդացմանը և ամրապնդմանը:

Բացի այդ, ՎԶԵԲ-ը կնպաստի «Ամերիաբանկ»-ի կորպորատիվ կառավարման բարելավմանը` բանկի խորհրդում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ նշանակելով և կորպորատիվ բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխման գործողությունների պլանի իրականացումով:

«Ամերիաբանկ»-ը Հայաստանի առաջատար բանկերից է, խոշորագույնը ակտիվների և ավանդների ծավալով, որոնք կազմում են ՀՀ բանկային համակարգի, համապատասխանաբար, 11 տոկոսը և 13.5 տոկոսը: ՎԶԵԲ-ն «Ամերիաբանկ»-ի հետ համագործակցում է 2010 թվականից և ֆինանսավորում է հատկացրել մի քանի վարկային ծրագրերի իրականացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում